Արթուր Վանեցյան. Իշխանության հանցավոր բացթողումների հետևանքով ամեն օր մարդիկ են մահանում
Այսօր Արտաշատում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության և «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Արարատի մարզային գրասենյակների բացումը։ Կարմիր ժապավենը կտրեց կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Համախոհների, կուսակիցների հետ հետևած հանդիպմանը Վանեցյանը կարևորեց տարածքային կառույցների դերը կուսակցաշինության գործում։ Նկատեց, որ այս կարճ ժամանակահատվածում շատ արդյունավետ է գործել հիմնադրամը, ֆինանսավորել են տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, ունեն կոնկրետ արդյունքներ։
Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին՝ կուսակցության ղեկավարն ասաց, երկիրը շատ վատ վիճակում է, իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում, չկա կանոնակարգված կառավարում։
«Արդեն իսկ կարող եմ ասել, կան հանցավոր բացթողումներ, որի հետևանքով ամեն օր մահանում են մարդիկ։ Մարդկանց մահվան մասին լուրերը դարձել են հասարկության համար նորմալ մի բան։ Իսկ սա իշխանության սխալների, իրավիճակի անլրճացման հետևանք է»,-ընդգծեց Վանեցյանը։
Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով, լուրջ հետևանքները կլինեն նաև տնտեսական ոլորտում։
«Առաջիկայում մենք ունենալու ենք տնտեսական կոլապս, լրջագույն անկում, որն ուղիղ ազդելու է մեզանից յուրաքանչյուրի սոցիալական վիճակի վրա։ Մեր կուսակցությունը միշտ ընդգծում է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, բայց այս ապիկար ու ապաշնորհ իշխանության պատճառով մենք ունենալու ենք լրջագույն անկում»,-նշեց նա։
Կուսակցության ղեկավարը բացթողումներ է արձանագրել նաև արտաքին քաղաքականության ոլորտում։
Անդրադառնալով Տավուշում ռազմական գործողություններին, բանախոսն ընդգծեց՝ փառք ու պատիվ ՀՀ զինված ուժերին, որ կարողացան հայ-ադրբեջանակն պետական սահմանին կանխել հակառակորդի սանձարձակ գործողությունները։
«Ցավոք, ունեցանք զոհեր։ Փառք ու պատիվ մեր տղաներին»,-ասաց Վանեցյանը։
Ներածական խոսքին հետևեց հարց ու պատասխանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Չեմ բացառում, որ կհանդիպեմ ՀՀ նախկին նախագահների հետ
- Արթուր Վանեցյան. Բանակը հրաշալի լուծեց իր առջև դրած խնդիրը, նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին
- Արթուր Վանեցյան. Բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է