«Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածուի և «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև դռնփակ հանդիպումը լարված է անցել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների միջև երեկ տեղի ունեցած դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումը բավականին լարված է անցել՝ տևելով մոտ երեք ժամ:
Գրեթե բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել Ավետիսյանին, նույնիսկ քաղաքական բնույթի հարցեր՝ պարզելու համար, թե, օրինակ, մինչև այժմ ընտրություններ կեղծվել են, թե ոչ, կամ ինչպես է նա վերաբերվում քաղաքական գործընթացներին: Գրեթե բոլոր հարցերին Վահրամ Ավետիսյանը տվել է շատ կարճ և, այսպես ասած, խուսափողական պատասխան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ժամանակ պատգամավորները նաև հետաքրքրվել են իր հորից՝ Դավիթ Ավետիսյանից, որը եղել է «Մարտի 1»-ի մի քանի գործերով որոշումներ կայացնողը: Սակայն Վահրամ Ավետիսյանը հայտարարել է, թե իր հոր արարքներում որևէ բացասական բան կամ շահերի բախում չի տեսնում:
Նշենք, որ թեև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը «Իմ քայլի» շատ պատգամավորների մոտ բացասական լոբբինգ է արել, որպեսզի չընտրեն Ավետիսյանին, այնուամենայնիվ, երեկ շատ պատգամավորներ հասկացել են, որ վերջինս վճռական է տրամադրված, և ետքայլ այլևս չի լինելու: Նշենք, որ իշխող խմբակցության ներսում կան նաև պատգամավորներ, որոնք դրական են տրամադրված Ավետիսյանի հանդեպ, կան նաև չեզոքներ, որոնց համար միևնույնն է, թե կառավարությունը ում կառաջարկեր. իրենք հաստատ կքվեարկեն»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում