Տավուշում զոհված կապիտանը հայր էր դառնալու, բայց քչերը գիտեին դրա մասին
Հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից զոհված 29-ամյա պայմանագրային զինծառայող, կապիտան Աշոտ Միքայելյանին News.am-ի հետ զրույցում ընկերները բնութագրել են ուրախ, հումորով, տրամադրությունը միշտ բարձր մարդ։
«Անգամ զայրանալիս էր հումորով։ Ասում էինք՝ գոնե մի քիչ տխուր ջղայնացի, որ իմանանք իրոք ջղայնացել ես»,-պատմել են ընկերները։
Վանաձորում երեկ տեղի է ունեցել Աշոտ Միքայելյանի հոգեհանգստի արարողությունը։ Ընկերները միմյանց ընդհատելով պատմել են Աշոտի հետ կապված հիշողությունների, նրա բնավորության, մարդ տեսակի մասին։
«Աշոտին միշտ հիշել ենք իր ժպիտով, ամեն երկրորդ բառը կատակով, իր մարդկությամբ, ազնվությամբ։ Մեր ընկերների մեջ ամենամաքուրն ինքն էր, ամենաազնիվն ու արդարը, իր գործին նվիրված։ Մինչև Աշոտի դեպքը, որ ասում էին՝ ազգի հերոս, ես ասում էի՝ լավ, տեսնես էդ մարդիկ ինչ ձևի են եղել, որ իրենց հերոս են ասել, բայց Աշոտին իմանալով, այսօր հասկանում եմ, թե հերոսի տեսակը որն է՝ նիրված իր գործին, ազգին, պետականությանը։
Ասում էի՝ Աշոտ, դժվար չի՞ , պոստեր ես բարձրանում, քանի օր ծարավ եք մնացել, ասում էր՝ կարևորն ազգիս համար է։ Ասում էի՝ Աշոտ, ազգը կգնահատի՞ քեզ, ասում էր՝ ինձ պետք չի, որ ազգն ինձ գնահատի, ինձ պետք է, որ ես սրտումս զգամ, որ ես իմ ազգի համար մի բան արեցի։ Հերոսն էդ ձև է լինում, էլ ուրիշ ձև չեմ պատկերացնում, թե հերոսը ոնց պետք է լինի»,- նշել է կապիտանի ծառայակից ընկերը։
Նրա խոսքով՝ Աշոտի ներկայությունը միայն բավական էր հակառակորդից պաշտպանված զգալու համար.
«Մինչև այդ դեպքը զանգում ասում էին՝ ձեր մոտ խառն ա, ասում էի՝ տղերք, Աշս էնտեղ ա, 15։0 կրում ենք։ Հակառակորդին Աշոտն ա ծնկի բերել իր եղբոր՝ Ոսկանի հետ։ Երկու ախպեր ոնց որ իրանց տունն էին շենացնում, տենց էլ իրար հետ աշխատելով թուրքին էին ծնկի բերում։ Աշոտներ ու Ոսկաններ մեր ազգում շատ կան։ Ինչքան հակառակորդը փորձի ոտնձգության դիմել, այդքան Աշոտներն ու Ոսկաններն իրենց ծնկի են բերելու։ Մենք էլ չլինենք, մեր երեխաներն են անելու»։
Ընկերների պատմելով՝ Աշոտն իր կողքին տխուր մարդկանց չէր հանդուրժում, ամեն ինչ անում էր, որ ուրախացներ։
Ծառայակիցները պատմել են, որ դեպքից րոպեներ առաջ էլ կատակել էր և այդպես ընկերների վերջին հիշողություններում մնացել իրեն բնորոշ հումորով։
Այնուամենայնիվ, ճակատագրական այդ օրը Աշոտի զինվորական հոտառությունը վտանգը կանխազգացել էր։
«Ասում էր՝ ախպեր, սիրտս անհանգիստ է, ուշադիր եղեք, գալու են, ասում էի՝ ջա՜ն, պարոն կապիտան, թող գան, մի հատ խժռենք»,- շարունակել է մյուս ընկերը։
Օգոստոսի 26-ին Աշոտի ծննդյան տարեդարձն էր լինելու։ Եղբայրը, չգիտես ինչու, այս անգամ որոշել էր մեկ ամիս առաջ շնորհավորել։ Ընկերներն էլ հումոր էին արել, թե եղբայրը խմելու առիթ է փնտրում, շուտ է զանգել։
Աշոտն ամուսնացած էր, հայր էր դառնալու, բայց քչերը գիտեին դրա մասին։ Ըստ ընկերների՝ նա չէր ցանկանում այդ մասին խոսել։
«Կինը սյուրպրիզ էր ցանկացել անի, որ պոստերից իջնի, նոր հայտնի, բայց հետո չէր դիմացել, ասել էր, դրանից մի քանի օր անց Աշոտը մահացավ»,- ասել է ընկերներից մեկը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Միքայելյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով
- Տավուշում թշնամու դիպուկահարի կրակոցից զինծառայող է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան