Հունաստանը հերքում է՝ Թուրքիայից անօդաչու սարքեր գնելու տեղեկությունը
Հունաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է լուրը, թե երկիրը թուրքական ընկերությունից պատրաստվում է գնել 50 անօդաչու թռչող սարքեր և նույնիսկ սպառնացել է կեղծ լուրերը տարածող հունական լրատվամիջոցներին: Այս մասին գրել է Greek City Times-ը։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանագիոտոպուլոսը Twitter-ում տարածել է ՊՆ հաղորդագրությունն ու գրել․«Արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներից ստացվող լուրերը և կեղծ պնդումները, թե հունական բանակը մտադիր է թուրքական արտադրողներից հեռակառավարվող կամ անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, կտրականապես հերքվում են»։
Հունաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է նաև ԶԼՄ-ներին, ասելով, որ լրագրության էթիկայի տարրական կանոն է լուրը ճշտելը, հատկապես երբ այն վերաբերում է զգայուն հարցերին ու ազգային անվտանգությանը։
Նշենք, որ օրերս տեղեկություն էր տարածվել, որ թուրքական անօդաչու թռչող սարք արտադրող ընկերությունը շահել է Հունաստանի պաշտպանության նախարարությանը 50 մարտավարական անօդաչու վաճառելու պայմանագիրը։ Այս մասին գրել էր Defense News-ը՝ հղում անելով ընկերությանը: