Ղրիմում միկրոավտոբուսի վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել
«Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը Ղրիմի ավտոճանապարհին բախվել է առջևից ընթացող բեռնատարին, զոհվել է 8 մարդ, չորսը վիրավորվել են: «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Բելոգորսկի շրջանի «Տավրիդա» մայրուղու վրա, Ռուսակովկա գյուղի մոտակայքում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նախնական տվյալներով, քնել է ղեկին և բախվել առջևից գնացող բեռնատարի հետ: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է ութ մարդ, չորսը վիրավորվել են: Ճանապարհային ոստիկանությունը տեղում աշխատանքներ է տանում, կատարվում է ստուգում»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ վթարի մասին ահազանգը ստացվել է Մոսկվայի ժամանակով 05:15-ին: Ըստ նախնական տեղեկությունների, 15 ուղևորով երթուղային միկրոավտոբուսը, որը ուղևորվում էր Սիմֆերոպոլ, բախվել է կցորդով ԿամԱԶ-ին:
Արտակարգ իրավիճակների ծառայության 35 ներկայացուցիչներ աշխատում են տեղում, ներգրավված են 16 սարքավորումներ:
Ավելի վաղ, վկայակոչելով աղբյուրները, հաղորդվել էր, որ բեռնատարի և միկրոավտոբուսի բախման արդյունքում 8 մարդ է զոհվել: Հայտնել էին, որ կան զոհեր, այդ թվում՝ երկու երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան