Զինդատախազը զորակոչի կազմակերպման գործընթացը գնահատել է բավարար
Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, որտեղ ներկա է գտնվել զորակոչի կազմակերպման գործընթացին, անձամբ հետևել վիճակահանությանը, դրա անցկացման կարգին և պայմաններին, բժշկական հետազոտությունների կազմակերպման:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է զորակոչիկների հետ, լսել բարձրաձայնված մտահոգությունները և առաջարկությունները, տեսակապի միջոցով զրույց է ունեցել զորակոչիկների ծնողների հետ:
Զինվորական դատախազը նշել է, որ ՊՆ կենտրոնական հավաքակայան իր այցի նպատակը զորակոչի գործընթացի պատշաճ և օրինական կազմակերպմանը հետևելն է, ինչը կրում է շարունակական բնույթ։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ ծնողների և զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառության վերաբերյալ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն ներկայացվել:
Վ.Հարությունյանը ներկա է գտնվել նաև հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպման աշխատանքներին, որի ընթացքում առանձնազրույց է ունեցել ինչպես տարբեր բժիշկ-մասնագետների, այնպես էլ հետազոտվող զորակոչիկների հետ, լսել վերջիններիս ներկայացրած առողջական գանգատները: Առանձին դեպքերում անձանց առողջական վիճակի վերաբերյալ արտահայտված կասկածները փարատելու համար նա հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կրկնակի ու ավելի մանրազնին հետազոտություն կատարելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ զորակոչի կազմակերպման գործընթացը նա գնահատել է բավարար։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա