ԲԴԽ անդամ. Դատավորի քաջության ու ներքին խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը
ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուներին քվեարկելու վերաբերյալ խորհրդում որևէ քննարկում չի եղել, յուրաքանչյուր անդամ քվեարկելու է իր նախաընտրությամբ։ Լրագրողների հետ զրույցում մինչ դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկը հայտարարեց ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ ԲԴԽ-ն ունի գիտնական 5 անդամ, դատավոր 4 անդամ։ Նախորդ ժողովում քվորում չապահովվեց, համավարակով պայմանավորված նոր ժողով հրավիրելու հետ կապված դժվարություններ եղան։
«Այս ժողովի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ մայիսին գործողության մեջ դրված «Դատական օրենսգրքում» կատաված փոփոխությունները հստակ եռամսյա ժամկետներ են նշում հանձնաժողովների ձևավորման հետ կապված»,- ասաց Մակյանը։
Հարցին, թե ԲԴԽ ու դատական համակարգի իշխանության վրա կա՞ քաղաքական իշխանության ազդեցությունը, ԲԴԽ անդամը հայտարարեց, որ իշխանության, իշխանության մեջ գտնվող անձանց կողմից նման բան չկա։
«Ամենայն պատասխանտվությամբ եմ հայտարարում, զրո է, բացարձակ որևէ միջամտություն չկա։ Մի անգամ ասել եմ, էլի եմ ասում, դատավորները վակուումում չեն ապրի, սովորական մարդիկ են, գնում են աշխատանքի, գալիս են։ Միգուցե հանրային ճնշում, հրապարակումներ կարող են լինել, որ դատավորը տեսնի, եզրահանգումներ անի։ Բայց ամեն դատավորի քաջության ու ներքին խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը»,- հայտարարեց նա։
Նշենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի անդամներ են:
Հերթական Դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Դատավորների ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածով ամրագրվել են Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական գործառույթները:
Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական լիազորություններից է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը:
Դատավորների ընդհանուր ժողովի կարևոր լիազորությունների է նաև Կարգապահական հարցերի հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի ձևավորումը:
Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա