«Իրատես». Ոչ թե առանձին պաշտոնյաների, այլ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի գործունեության հարցն է վերանայման ենթակա
«Իրատես» թերթը գրում է. «Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի 10 պաշտոնյա միանգամից ազատվել է աշխատանքից: Որոշումը երեկ ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատճառը, ըստ «Իրատեսի» տեղեկությունների, Սփյուռքի հայկական համայնքներում ադրբեջանցիների հետ գրանցված միջադեպերն են, մասնավորապես՝ հակածիրանային «օպերացիան»: «Վարչապետը դժգոհել է վարչության պետերից, որ Ռուսաստանի մեծ քաղաքներում չեն կարողացել լուծել ծիրանի և հայկական միրգ-բանջարեղենի իրացման խնդիրը:
Կառավարության վերին օղակները թեև չեն արտահայտվում, բայց ներքին քննարկումների ժամանակ դժգոհել են՝ հարցն ինչու՞ պետք է հայ գործարարների միջամտությամբ լուծվեր, որտե՞ղ էին գերատեսչության այն պաշտոնյաները, որ ի պաշտոնե լիազորված են հենց նմանատիպ հարցեր լուծելու համար»,- ասաց իշխանական վերնախավին մոտ կանգնած մեր զրուցակիցը:
Թե որքանով է նպատակահարմար այդ պաշտոնյաներին «տուն ուղարկելը», ու նրանց փոխարինողներն ի՞նչ աշխատանք են անելու, ժամանակը ցույց կտա: Փաստ է, սակայն, որ այդ գրասենյակն իր գործունեությամբ առհասարակ տեսանելի աշխատանք գրեթե չի կատարում: Հետևաբար, ոչ թե առանձին պաշտոնյաների, այլ գրասենյակի գործունեության հարցն է վերանայման ենթակա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում