«Հրապարակ». Երեք գերատեսչություն մի ՊԷԴ-սկան են աշխատեցնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսը հետին պլան է մղել ոչ պակաս կարևոր հիվանդությունների բուժման խնդիրները` դժվար կացության մեջ են օնկո-հիվանդները, որոնք ճշգրիտ դիագնոստիկա և բուժում ստանալու համար արտասահման էին մեկնում: Ընդ որում՝ ուղղությունները բազմաթիվ էին՝ Գերմանիա, Իսրայել, ավելի հաճախ՝ Վրաստան: Այժմ նման և այլ հիվանդներին երկրից դուրս գալու թույլտվություն պետք է տա պարետատունը: Այնուհանդերձ, արդեն մեկ ամիս է՝ Մերգելյան ինստիտուտում (որը պատկանում է ԿԳՄՍ նախարարությանը) գործում է 9 տարի առաջ Հայաստան բերված, սակայն այդպես էլ չաշխատած ՊԷԴ-սկանը։
Արսեն Թորոսյանը դեռ 2 տարի առաջ ասել էր` մի քանի ամսից կգործի, բայց հիմա նոր սկսեց աշխատել: Սակայն աբսուրդն այն է, որ ՊԷԴ-սկանը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի իրավասության ներքո, այսինքն՝ 3 գերատեսչություն մի ՊԷԴ-սկան են աշխատեցնում։
Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է այդպես։ «Նախ` պետք է ասել, որ կարևորը` հետազոտությունը, պետության ենթակայության տակ է, տրված չէ մասնավորին, որ ինչ ուզենա, անի։ Երկրորդ. առողջապահության ենթակայության հիմնարկ չէ, այո, սակայն առողջապահական ողջ ցիկլը հետևողական վերահսկվում է։ Ինչ վերաբերում է պետգույքի կառավարման տակ գտնվելուն, ապա ժամանակին, երբ փորձում էին հիվանդանոցներն օտարել, պետգույքը զբաղվում էր դրանց վաճառքով, այդպես էլ ՊԷԴ-սկանը մնացել է նրա ենթակայության տակ»:
Փողերը գնում են պետգույքի կոմիտեի՞ն։ «Պետությանը»: Կկարգավորվի՞, ի վերջո, այդ խառը վիճակը։ «Կդժվարանամ ասել»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում