Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է
Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է։ Այսօր լրագրողներին տեղեկացրեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Մենք դիմել էինք, որ ստանանք գործի նյութերը։ Մեզ պատասխան է եկել, քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, մեզ նյութեր չեն տրամադրվելու։ Սակայն քրեական գործը կարճված է հանցակազմի բացակայության հիմքով։ Մեզ նման պատասխան են տվել։ Հայտարարությունից ելնելով՝ եթե նայենք մասնակիցների ցանկը, շատ հետաքրքրական է, թե ով է եղել այն անձը, որը պետք է հնարավոր մեղադրյալ լիներ»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Նա նշեց, քանի որ այդ գործով Արթուր Վանեցյանն ունեցել է վկայի կարգավիճակ, ապա վարչապետ Փաշինյանը թող պատասխանի հարցին՝ հրավիրվե՞լ է ՀՔԾ, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 2-ին Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը պատմել էր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ իրենք հանդիպել են 2019 թ. փետրվարին, Հռոմում։
Նախկին դեսպանը հիշեցրել էր, որ Վանեցյանն ավելի վաղ հայտարարել է այդ հանդիպման մասին՝ նշելով, որ այն եղել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։ ԱԱԾ նախկին տնօրենը մինչ հանդիպումը տեղեկացրել է՝ Նիկոլ Փաշինյանը մեսիջ ունի Մինասյանին, որն արդեն մի քանի ամիս դեսպան չէր։
«Ես ասացի շատ լավ։ Հանդիպումը տեղի ունեցած Հռոմի կենտրոնում գտնվող սրճարանում։ Վանեցյանն ասաց, ես այստեղ եմ որպես ԱԱԾ տնօրեն, իրավասու եմ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից։ Ասացի՝ խնդրեմ։ Ասաց՝ ունենք առաջարկ, դու մուծում ես սիմվոլիկ գումար, կքննարկենք ոնց, ինչ-որ հիմնադրամի, հստակ ձևակերպում չի եղել, դրանից հետո դու երբեք Հայաստան չես գալիս, գոնե առաջիկա տարիների ընթացքում։
Բոլոր այն մարդիկ, ովքեր լսում ենք քեզ, դու նրանց համար շատ կարևոր ես, դադարում են պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, դու ապրում ես երջանիկ, Հայաստանից դուրս, և հենց այդ րոպեին որ մենք պայմանավորվում ենք, բոլոր քրեական գործերը, հետապնդումները դադարեցվում են, խոսքը վերաբերում է հորս, ընկերներիս մասին, մենք միանգամից դառնում ենք իրար չճանաչող լավ բարեկամներ»,- մանրամասնել էր նախկին դեսպանը։
Մինասյանի խոսքով, ինքը մերժել է այդ առաջարկը։
Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանի՝ Facebook-ում հրապարակված տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործը հարուցվել էր Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը պարզաբանում է, թե ինչու է ՀՔԾ հրավիրվել Արթուր Վանեցյանը
- Միքայել Մինասյան. «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ»
- Արթուր Վանեցյան. Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ Փաշինյանի մի հանձնարարությամբ, որի մասին գիտեն երեք մարդ