Վանեցյան. ԱԱԾ-ն թող տղամարդկություն ունենա և ասի, ինչ օգուտ է տվել իմ նշանակած սպան ծառայությանը և ՀՀ-ին
«ԱԱԾ ներկայիս տնօրենն ուղիղ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար։ Նրա՝ յուրաքանչյուր օր այդ պաշտոնում մնալը վտանգում է մեր արկրի անվտանգային համակարգը»,-Արտաշատում կուսակցության մարզային գրասենյակի բացումից հետո պատասխանելով «Առավոտ»-ի ու 168.am-ի լրագրողների հարցերին՝ հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա խոստացավ առաջիկայում այս մասին ավելի մանրամասն կխոսի, նկատեց՝ «այդ մարդը» չունի փորձ հետախուզության, հակահետախուզության կամ էլ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։
«Այսօր ինձ ԱԱԾ կանչելն ուղիղ վկայում է այդ մասին։ Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվի մեր թշնամիների նոր նկրտումներով, արդեն բոլորը տեսնում են, թե Թուրքիայի հետ Ադրբեջանի զորավարժությունները, Թուրքիայի ակտիվությունը, օտարերկրյա հատուկ ծառայությունների ակտիվ գործունեությունը Հայաստանում, փորձում է գործ կարել իմ վրա։ Բայց ապարդյուն, քանի որ այդ մարդիկ օրենքի ընթերցման հետ այդ մարդիկ երևի խնդիրներ ունեն»,-ասաց նա։
Անդրադառնալով ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ Արթուր Վանեցյանի կողմից պաշտոնում վերականգնված անձն իր պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել, ԱԱԾ նախկին տնօրենը հայտարարեց.
«Հիմա ես ուզում եմ ձեզ ասել ու ակնկալում եմ, ԱԱԾ պաշտոնական պարզաբանումը։ Իմ ունեցած տվյալներով, այդ անձը, ով եղել է մի ստորաբաժանման ղեկավար, իր ստորաբաժանման աշխատանքի արդյունքում իր նշանակված օրվանից մինչ այս պահը հարուցվել են շուրջ 30 և ավելի քրեական գործեր, վերականգնվել է մի քանի հարյուր մլն դրամի գումար, իսկ կոնկրետ մի գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում։ Այդ գործի անունը չեմ ուզում ինքս տալ, խորհուրդ եմ տալիս, որ մեր իրավապահ համակարգը տղամարդկություն ունենա և ասի, թե այդ պրոֆեսիոնալ սպայի աշխատանքի արդյունքում ինչ դրական արդյունքներ է ունեցել ԱԱԾ-ն և ի դեմս ԱԱԾ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը»։
Վանեցյանը հերքեց մամուլում հրապարակված այն լուրը, թե ինքը պաշտոնավարման ընթացքում 10 մլն դրամի պարգևավճար է ստացել։ Ասաց՝ ստացել է երկու մլն դրամ, բայց դա էլ պարգևավճարների հայտնի շարքից չէ, որ հիմա լայն կիրառվում է իշխանության կողմից։
«Դա սահմանված է օրենքով, տարեկան 2-3 անգամ։ Այո, ես ստացել եմ պարգևավճար տարվա սկզբին, վերջին և մեկ անգամ էլ ԱԱԾ աշխատակցի օրվա առթիվ, երբ ամբողջ աշխատակազմը ստանում է։ Երբեք չի եղել, որ ես մենակ ստանամ պարգևավճարը։ Հիմա օգտվելով առիթից, ուզում եմ ասել, որ այդ ողջ գումարը փոխանցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև իմ աշխատանքից դուրս գալուց հետո էլ ևս մեկ մլն դրամ եմ փոխանցել։ Ես դրա մասին երբեք չեմ խոսել, բայց հաշվի առնելով այդ մանիպուլյատից հրապարակումները հայտարարում եմ այդ մասին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ Ձայնը». Վանեցյանի հերթական «գործը»
- ԱԱԾ-ն պարզաբանում է, թե ինչու է ԱԱԾ հրավիրվել ԱԱԾ նախկին տնօրենը
- Փաստաբանը՝ Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու մասին. Իրավական ծաղր է
- Վանեցյան. Հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց
- Արթուր Վանեցյանը ԱԱԾ-ում է