Կամ սովամահություն, կամ թթվածնի պակաս․Ի՞նչ է սպասվում Սևանա լճի ձկնաշխարհին
Սևանա լճում այս պահին ընթանում են ինտենսիվ «ծաղկման» պրոցեսներ, որոնք սկսվել են հուլիսի 15-ից: Ըստ մասնագետների՝ այն կշարունակվի մինչև օգոստոսի կեսերը։ Ինչո՞վ է այն վտանգավոր ՝ ձկնաշխարհի և մարդկանց համար։
Ցիանոբակտերիաները կամ կապտականաչ ջրիմուռները,մահանալով ջրում, իջնում են ջրի հատակ և առաջացնում նեխման պրոցեսներ։ Այս մասին «Panorama.am»-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ձկնաբան Սամվել Պիպոյանը։
«Արդյունքում առաջացնում են բավական մեծ քանակությամբ ծծմբաջրածին և այլ թունավոր նյութեր, որոնք բնականաբար բացասաբար են անդրադառնում ցանկացած օրգանիզմի, այդ թվում՝ ձկների վրա»,-պարզաբանեց մասնագետը։
Պիպոյանի խոսքով՝ եթե լճի էվտրոֆացման պրոցեսները խորանան, ապա այն ձկնաշխարհի համար վտանգավոր կլինի։
«Եթե ամբողջ լճի մասշտաբով ջրի կանաչման պրոցեսներ ընթանան, ապա ձկներն ուղղակի կվերանան, քանի որ թթվածինն ուղղակի քիչ կլինի։ Բացի այդ էլ կմահանան այն օրգանիզմիները, որոնցով սնվում են ձկները։ Այսիքն՝ կամ սովամահություն, կամ թթվածնի պակաս, երկու գործոնն էլ կանդրադառնան ձկնաշխարհի վրա»,-ասաց ձկնաբանը։
Մեր դիտարկմանը,թե արդյո՞ք մարդկանց համար վտանգավոր է այս շրջանում Սևանի ձուկն օգտագործելը աննդում,մասնագետն ասաց․ «Եթե խոսքը վերաբերում է նրան, որ ձկների մեջ ներծծվեն թունավոր նյութեր, կամ այս դեպքում մեծ քանակությամբ ցիանոբակտերիաներ, ապա չեմ կարծում, որ ձուկը կենդանի մնա թունավոր միջավայրում և իր մեջ հավաքի թունավոր նյութեր։Մարդկանց համար ավելի շատ վտանգավոր է ծանր մետաղների առկայությունը ձկան ոսկորներում»։
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը փաստում է, որ ծանր մետաղները ,որոնք թափանցում են լճեր կամ գետեր, մեծ ռիսկեր են պարունակում մարդու առողջության համար։
«Ծանր մետաղները հիմնականում կուտակվում են ձկան ոսկորներում, քան ՝ մկաններում։ Մարդիկ սովորաբար տապակում են մանր ձուկն ու ոսկորներով ուտում, արդյունքում կարող է շատ մեծ քանակությամբ ծանր մետաղներ թափանցել մարդու օրգանիզմ՝ ցինկ, կապար և այլն։ Դրանք կարող ենք հանգեցնել նույնիսկ քաղցկեղածին հիվանդությունների»,- հավելեց Պիպոյանը։
Ինչ վերաբերում է ցիանոբակտերիաներին, ապա ձկան մեջ ներթափանցման առումով մասնագետն անմիջական վտանգ չի տեսնում։ Նրա խոսքով ՝ այս դեպքում մարդու համար վտանգավոր է ոչ այնքան լճի ձուկն ուտելը, այլ լճում լողալը, քանի որ կարող է ջուր կուլ տալ և բակտերիաներն անմիջապես թափանցեն մարդու օրգանիզմ։
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լճում բնապահպանական աղետ է․ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում
- Սևանա լիճը գտնվում է նախավերջին՝ ինտենսիվ ծաղկման փուլում. Էվելինա Ղուկասյան
- Սևանա լճի «ծաղկած» ջուրում լողալու հետևանքները. ԱՆ
- Ամեն ինչ անում ենք՝ Սևանա լճից հավելյալ ջրառի առիթ չունենանք. Ջրային կոմիտեի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան