Վահագն Վարագյան. Շորժայի հատվածում նախաձեռնել ենք հանրային էքսպեդիցիա
Սևանա լճում բնապահպանական աղետ է: Ահազանգում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը, որի անդամներն այս պահին լճի ափամերձ տարածքում են։ Նրանք նախատեսում են տեղում ուսումնասիրել ափամերձ տարածքների աղետալի վիճակը և կատարել նմուշառում Սևանա լճի ջրից։
«Մենք Շորժայի հատվածում նախաձեռնել ենք հանրային էքսպեդիցիա։ Այսօր արդեն եղել ենք մի քանի հատվածներում, կապտականաչ ջրիմուռներն այս պահին քայքայման փուլում են, առաջիկա օրերին Սևանն աստիճանաբար կկապտի, կանաչ ֆոնը մենք չենք տեսնի։ Բայց խնդիրը շատ մտահոգիչ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։
Խնդրի լուծման համար նա ընդգծում է անտառածածկ տարածքների՝ արագ ու հրատապ մաքրման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև շեշտում կոկրթության ու էկոդաստիարակության կարևորությունը։
«Այսօր Սևանի ափին հանգստացողները պլաստիկն ու աղբը թողնում են, հեռանում, ինչի հետևանքներին արդեն անզեն աչքով ականատես ենք լինում։ Մյուս խնդիրն այն է, որ հարակից համայնքների կոյուղաջրերը հոսում են լիճ, չկան մաքրման կայաններ, ինչի հետևանքով լճում առաջանում են ցիանոբակտերիաներ»,-ասաց Վարագյանը՝ ահազանգելով, որ արագ լուծումներ չգտնելու դեպքում կորցրելու ենք ազգային հարստությունը։
Շարժման ղեկավարն ասաց, նմուշառվելիք ջրում որոշելու են կենսածին տարրերի, օրգանական նյութերի առկայությունը, քանակությունը, ստուգելու են ջրի ջերմաստիճանը։
«Առողջապահության նախարարությանը դիմել ենք, որպեսզի մեզ տրամադրեն թունաբանական հետազոտության արդյունքները։ Մենք դրանք կհամեմատենք ու կհասկանանք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում ջրում»,-մանրամասնեց Վարագյանը։
Նա ընդգծում է, Սևանը կանաչում է մեկ-երկու ամիս, բայց խնդրի մասին պետք է հիշել ամբողջ տարվա ընթացքում, քանի որ ջրիմուռների սպորներն իջնում են լճի հատակը, բարենպաստ պայմանների դեպքում բազմանում են։
«Մենք առավոտից տեսանք չիչխանի բազմաթիվ թփեր ջրում ընկած, դրանք քայքայվում են ու նպաստավոր պայմաններ ստեղծում ջրիմուռների առաջացման համար։ Այս հանրային միջոցառումը բացի հանրային իրազեկումից նաև ահազանգ է՝ մաքրման աշխատանքներն արագացնելու, բազմապատկելու, պատշաճ կատարելու համար, որպեսզի նման տեսարաններ չլինեն։ Ընկած թփերը, ծառերը հրատապ կարգով պետք է հեռացվեն, ինչը չի արվում»,-ընդգծեց Վարագյանը։
Բանախոսը տեղեկացրեց, որ մաքրման աշխատանքերի համար ձեռք բերած թանկարժեք մեքենան այս տարի չի աշխատել։
Երեկ շարժումը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հաղորդագրության մեջ մասնավորապես նշել էր.
«ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին, Սևանա լճի վիճակով անհանգստացած քաղաքացիներին և լրագրողներին հրավիրում ենք Սևանա լճի ափամերձ հատված՝ մասնակցելու հանրային էքսպեդիցիային, ինչպես նաև տեղում ծանոթանալու խնդրի և փորձագիտական կարծիքների հետ»։
Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանի ճահճացման խնդիրը տեսանելի է լինում տարին մի քանի շաբաթ, սակայն խնդիրը առկա է ամբողջ տարվա ընթացքում, ինչի մասին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը պարբերաբար բարձրաձայնում է:
Սևանա լճի էվտրոֆացման մասին վերջին շրջանում բնապահպանական շարժումը ամենօրյա ռեժիմով իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ։ Օրեր առաջ բնապահպանական շարժման ակտիվիստները բողոքի ակցիա իրականացրեցին Սևանի կառավարական ամառանոցի դիմաց՝ Սևանի բնապահպանական աղետի վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
- Կամ սովամահություն, կամ թթվածնի պակաս․Ի՞նչ է սպասվում Սևանա լճի ձկնաշխարհին
- Սևանա լճում բնապահպանական աղետ է․ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում
- Սևանա լիճը գտնվում է նախավերջին՝ ինտենսիվ ծաղկման փուլում. Էվելինա Ղուկասյան
- Կանաչած Սևանում լողալն առողջության համար խիստ վտանգավոր է. Վահագն Վարագյան
- Բարդուղ Գաբրիելյան. Կառավարությունը վերջապես պետք է որոշի, թե ինչ է ուզում Սևանա լճից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին