Արա Գալոյան. Խոշոր հարկատուների ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը շարունակում է վերլուծել ՊԵԿ հրապարակած խոշոր հարկատուների ցուցակը։ Այս անգամ ուսումնասիրությունից հետո արձանագրում է՝ Տնտեսական ու հարկային անհավասարություն։
Տարածած հոդվածում տնտեսական մեկնաբանը գրում է
Խոշոր հարկատուների ցանկը մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենատարբեր փաստեր կարող է արձանագրելը: Հայտնի է, որ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 36.7 տոկոսը: Բայց հենց Երևանում է գրանցված 1000 խոշոր հարկատուների մոտ 84 տոկոսը: Նրանց ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է: Մայրաքաղաքից դուրս խոշոր հարկատուները վառելիքաէներգետիկ համակարգի ձեռնարկություններ են և հանքեր շահագործող ու հանքաքար վերամշակող կազմակերպություններ: Հիմնականում: Երևանից դուրս հազվագյուտ խոշոր հարկատու ձեռնարկություններ կան, որ ստեղծվել են անկախության շրջանում:
Հնարավոր է, որ տնտեսության և բիզնեսի՝ մայրաքաղաքում այս աստիճան կենտրոնացման փաստի հետ բոլորս համակերպվել ենք: Բայց մայրաքաղաքից դուրս գործողի խոշոր հարկատու ձեռնարկություններն էլ իրենց հերթին անհամամասնորեն են «տեղաբաշխված»: Օրինակ, 112.4 հազար բնակչություն ունեցող Գյումրիում գործում է 8 խոշոր հարկատու: Նույն քանակն է նաև 77.2 հազար բնակչություն ունեցող Վանաձորում: 27.8 հազար բնակչություն ունեցող Արմավիրում «գրանցված է» խոշոր հարկատուների ցանկի 6 ձեռնարկություն: Իսկ 19.3 հազար բնակչությամբ Արտաշատում՝ 5-ը: Արձանգրենք, որ մարզկենտրոնային Իջևանում (բնակչությունը 20.3 հազար) և Գավառում (բնակչությունը 18.1 հազար) կա 1-ական ձեռնարկություն: Իսկ Եղեգնաձորը միակ մարզկենտրոնն է, ուր խոշոր հարկատու չի գործում: Հնարավոր է, որ սա «բնական է»՝ մարզում խոշոր հարկատու ընդամենը 1 ձեռնարկություն կա: Այսպիսին են հարաբերականորեն մեծ (կամ՝ մարզկենտրոնի կարգավիճակ ունեցող) քաղաքների թվերը:
Նույնքան անհամամասնական են տեղակայված խոշոր հարկատու (ասել է թե՝ համեմատաբար ավելի շատ աշխատատեղեր ապահովող) ձեռնարկությունները մարզերում: Կոտայքի մարզը բնակչության քանակով խոշորներից է: Այս մարզում ապրում է երկրի բնակչության 8.5 տոկոսը: Բայց այս մարզում է մայրաքաղաքից դուրս գործող խոշոր հարկատու-ձեռնարկություների 25 տոկոսը: Մեր ամենախոշոր երեք մարզերում (Արմավիր, Արարատ, Կոտայք) ապրում է երկրի բնակչության 26.1 տոկոսը: Բայց այստեղ կենտրոնացած է Երևանից դուրս գործող խոշոր ձեռնարկությունների 84 տոկոսից ավելին: Իսկ չորրորդ մարզում՝ Շիրակում (230.8 հազար բնակիչ), կա ընդամենը 14 ձեռնարկություն: Դրանցից 8-ը գործում են Գյումրիում, մնացածը՝ մարզի տարածքում: Դա մայրաքաղաքից դուրս գործող խոշոր հարկատուների ընդամենը 8 տոկոսն է: Իսկ խոշոր հարկատուն որպես կանոն խոշոր աշխատատեղ ապահովողն է: Հետևաբար բարդ չէ ենթադրել, որ գործազրկության, արտագաղթի ու համանման սոցիալական բացասական երևույթների ամենաբարձր ցուցանիշները հենց այս մարզերում են արձանագրվում:
Այն, որ տնտեսության առյուծի բաժինը կենտրոնացած է Երևանում, ժողովրդագրական բացասական տենդենցներ է ծնում մարզերում: Բայց այդ գործընթացները բավարար ուշադրության չեն արժանանում: Իշխանությունը միշտ էլ ձևացրել է, որ դրանք չի նկատում: «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ․ հունվար-դեկտեմբերին» հաշվետվության սոցիալ-ժողովրդագրական թվերը պիտի որ զգաստացնեին: Անցած տարի Լոռու մարզը բնական հավելաճ չուներ: Այստեղ գրանցված մահերի քանակը գերազանցել է ծնունդներին: Իսկ երկու՝ Վայոց ձորի և Տավուշի մարզերի բնական հավելաճը երկնիշ թիվ է: Ընդամենը 18 և 48 մարդ համապատասխանաբար: 90-ականների արտագաղթից հետո նման պատկեր չէր եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Գալոյան. Մակրոտնտեսական կիսամյակ․ լուրջ անկում կա թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ոլորտներում
- Արա Գալոյան. Մեր կայուն ու անկայուն հարկատուները․ թվերը մխիթարական չեն
- Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը