Արթուր Վանեցյանի դեմ հիմա էլ ապօրինի զենքի գործ են «կարում»՝ զավեշտալի սցենարով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է կոորդինացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործերի ընթացքը։
Եվ քանի որ պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով Վանեցյանին ԱԱԾ կաչելը, ըստ փաստաբանի անհեթեթություն և օրենքի չիմացություն է, իսկ քաղաքական միտումը՝ ակնհայտ, երեկ, թերթի տեղեկություններով, արդեն նյութերի նախապատրաստումը մերժվել է, և այս գործը դեռ չհարուցված՝ փակվել է։
Սակայն, քանի որ վարչապետի հրահանգը շատ խիստ է՝ ամեն գնով հետապնդում սկսել Վանեցյանի դեմ, երեկ ԱԱԾ-ն նոր գործ է երկնել, և անգամ մարդ են ձերբակալել։ Հիմա էլ փորձում են ապօրինի զենքի մեղադրանք ներկայացնել Արթուր Վանեցյանին:
«Այս սցենարի զավեշտն այն է, որ զենքը, որն իբր ապօրինի է և պատկանում է Վանեցյանին, գտնվում է ոչ թե նրա տնօրինության տակ, ասենք՝ իր տանը կամ գրասենյակում, այլ՝ ԱԱԾ-ում։ Մեզ հանձնարարել են հայտարարել, թե իբր ԱԱԾ-ի աշխատասենյակներից մեկում հայտնաբերվել է մի ապօրինի զենք, որը պատկանում է Ա․ Վանեցյանին»,- ասել է թերթի ԱԱԾ աղբյուրը:
Ի դեպ, «ապօրինի» զենքը գտնվելիս է եղել ԱԱԾ սպառազինության բաժնում, որի պետն այժմ ձերբակալված է։
ԱԱԾ-ից թերթին ասել են՝ պաշտոնական հաղորդագրություն կտարածեն։