
Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել
«Ծառերի հատման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքների կապակցությամբ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը
Ծառահատումից երկու օր անց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ֆեյսբուքյան էջում բացատրություն է տվել, թե ինչ աշխատանքներ են ընթանում պուրակում.
«Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը գրավոր պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ: Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո: Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ», գրված է հայտարարությունում։