ՍԱՏՄ մասնագետները խախտումներ արձանագրել են թե Երևանում, թե մարզերում
Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել մանրակրկիտ. տնտեսավարողները հիմանկանում պահպանում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։
Թերացումներ, սակայն, դեռ հայտնաբերվում են:
ՍԱՏՄ մասնագետներն այսօր ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում. խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում: Դրանց բնույթն առավելապես պայամանվորված է անփութությամբ ու անուշադրությամբ. աշխատակիցները չեն կրում կամ ոչ պատշաճ են կրում դիմակները, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվում, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվում են թերի, չի ապահովում սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, երբեմն նաև բացակայում են դիմակների համար նախատեսված փակ աղբամանները:
ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինն ամենայն աչալջությամբ շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսվարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը։