Սոֆյա Հովսեփյան. Պարոն Մարության, Մեշչյան, ես ավելին էի սպասում ձեզանից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը խոստովանում է՝ հոգնել է անտեղի պայքարելուց։ Առիթը Մաշտոցի պուրակում ծառերը հատելն են ու սրճարանի կառուցումը։
«Արդեն հոգնեցինք անտեղի պայքարելուց։ Պարոն Մարության, Մեշչյան ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք։ Արդեն էլ ուժ չունենք պայքարելու ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները։
Երևանի կենտրոնը պետք է բեռնաթափվեին սրճարաններից, այո՛, դուք իսկապես «բեռնաթափում» եք ։
Անկեղծ հոգնել եմ անգամ ավել բան գրելուց և ձեր բախտը փոքր ինչ բերել է»,- գրել է նա։
Ավելի վաղ «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի տնօրեն Լալա Մնեյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր.
«Երեկ երեկոյան Մարիամի հետ գնացինք Մաշտոցի պուրակ հետախուզության։ Շատ տխուր է տեսնել, թե ինչպե՞ս է բետոնի տակ անցել պուրակի այն հատվածը, որի համար ամենատարբեր տարիքի ու հայացքների տեր մարդիկ ամիսներով պայքարել են նախորդ իշխանությունների օրոք։ Երևանը դարձել է բետոնի, ասֆալտի և ապակու խառնիճաղանջ մի կոնգլոմերատ։ Արարատյան դաշտի տապից մեզ փրկողը պարզվում է ոչ թե ծառերն ու այգիներն են, այլ ջերմություն անդրադարձնող բետոնն ու սալիկները։
Եվ պարզվում է նաև, որ մենք ծառի ու զովություն պարգևող կանաչ տարածքների փոխարեն այսօր կարիք ունենք միայն և միայն սրճարան - ռեստորանների։ Պուրակում կտրել են ծառեր, շարել պատեր, բետոնապատել հողը։
Փողի մոլուցքն այնքան է իր ճիրաններում աքցանել մարդկանց, որ ծառ ու թուփ տնկելու, զբոսայգիներ հիմնելու, շնչելու օդի հնարավորություն ստեղծելու փոխարեն միայն ու միայն բարձրահարկեր կառուցելու և խանութ - սրճարան հիմնելու մասին են մտածում։
Ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը, կտրել հաստաբուն ծառերը։ Խոսում են, որ կտրած ծառերը թեղիներ են` քաղաքի համար ոչ այնքան պիտանի ծառատեսակ։ Բայց կտրողները քանի՞ հարյուր սոսի ու թխկի են տնկել, որ հիմա էլ իրավունք ունենան թեղիները հեռացնելու։ Ծառի տեսակը պատճառ բռնելը արդարացում չի կարող լինել, քանի որ պուրակը պուրակ պիտի մնա և ոչ թե վերածվի սրճարանի։
Մնում է, որ մեկը գտնվի ու ասի քաղաքապետին` «Սիրո'ւն չի, հե'չ սիրուն չի, մանավանդ հեղափոխությունից հետո»։
Լուսանկարները՝ Լ. Մնեյանի էջից։
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պուրակում սրճարանի տարածքն ազատում են ծառերից
- Ավագանու ընդդիմադիր անդամը քաղաքապետարանին պաշտպանում է «Իմ քայլ»-ի անդամից