Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր
2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նման թվեր է հրապարակել Պետական եկամուտների կոմիտե նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Վարչապետի աշխատակազմի հրապարակած տեղեկատվության համաձայն, իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում, արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92.0%-ով:
«Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
ՆԵրկայացված տվյալների համաձայն, 2019թ․ հարկ վճարողներին վերադարձված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած, ԱԱՀ-ի փոխատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրված, ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներով և հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման մասով վերադարձված գումարները 2019թ. կազմել է 171,1 մլրդ դրամ:
2018-ի սկզբին հարկ վճարողների նկատմամբ եղել է 275.7 մլրդ դրամ պարտք, որից անցումային գերավճարի գծով՝ 132.7 մլրդ դրամ և դեբետային գերավճարի գծով՝ 143 մլրդ դրամ:
Տնտեսավարողների նկատմամբ պետության ունեցած պարտքերի վերադարձման լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարտքը նվազել է մոտ 200 մլրդ դրամով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 76,6 մլրդ դրամ:
Ստվերի կրճատման ցուցիչներ են նաև ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը և գրանցված աշխատողների թվի էական աճը: 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, և 186 մլն կամ 74%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2017-ին: Այդպիսով՝ 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն, իսկ 2017 թվականի համեմատ՝ 529 մլրդ դրամի կամ 38%-ով ավելի առևտրաշրջանառություն:
Ամփոփելով, վարչապետը կարևորել է ՊԵԿ-ից կողմից ստվերի կրճատման, հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի, սահմանային անցակետերում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական ու հետևողական աշխատանքների իրականացումը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ճգնաժամային տարվան՝ կառավարությունը պետական բյուջեի եկամուտների մասով սահմանել է բարձր նշաձող և ՊԵԿ-ը պետք է անի ամեն ինչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով: