Կուրթանցի Մեխակն ընտանիքի հետ արդեն տեղափոխվել է բարերարներից ստացած նոր տուն. News.am
News.am-ը գրում է՝ կուրթանցի Մեխակը, որին վարչապետ Փաշինյանը ամիսներ առաջ հանդիմանել էր աշխատել և ինքնուրույն տուն ստեղծել իրեն այդ հարցով դիմելու փոխարեն, ընտանիքի հետ արդեն տեղափոխվել է բարերարներից ստացած նոր տուն։ Տունը Առաքելյաններին են նվիրել երկու բարերար արտերկրից՝ նրանց սոցիալական վատ վիճակի մասին հրապարակումը տեսնելուց հետո։
«Ձեր եկած օրը՝ գիշերը, մենք չենք քնել։ Թե ինչքան զանգեր են եկել արտերկրից, Եվրոպայից, չենք կարողացել քնել։ Մեկը տուն ա ասում, մեկը՝ մի ապրանք, մեկը՝ մի բան կօգնենք։ Էդպես օգնելով մեզ ոտքի հանեցին։ Էդքան ահավոր տեղից, մենք մթից, խավարից դուրս եկանք լույսն ընկանք»,- ասել է Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը։
Մեխակի 10 հոգանոց ընտանիքը նեղ, փտած հատակով, փլվող առաստաղով վագոն-տնակի փոխարեն այժմ ընդարձակ, երկհարկանի տանն է ապրում նույն գյուղում։ Տունը կահավորել են բարերաների օգնությամբ։ Բացի այդ՝ 1 հա հողատարածք են նվեր ստացել, որտեղ պատրաստվում են ցորեն ցանել։ Տնամերձ հողատարածքն էլ արդեն մշակել են, հասցրել են առաջին բերքը ստանալ։ Անասնագոմ ունեն ու տեղափոխվելուց հետո տարբեր ծրագրերով երկու խոզ և մեկ խոշոր եղջերավոր են ստացել։ Մեխակը հրապարակումից հետո բուժման անվճար կուրս է անցել, հիմա, թեև ամբողջովին չի ապաքինվել, բայց համեմատաբար ավելի լավ է զգում։ Մտադիր է ավելացնելու իր ունեցած անասունների քանակը, հողամասը մշակելու՝ ապրուստ վաստակելու համար։
«Պատճառն էս տունն էր, որ չունեի, իմ դուխն էլ ընկած էր։ Համ առողջական չունեի, դոմիկում էինք ապրում, ոնց որ թևաթափ եղած լինեի։ Հիմա ոնց որ երազ լինի սա, չէի հավատում, որ տեղափոխվեցի էստեղ։ Քնում, վեր էի կենում, չէի հավատում, որ ես սենց տան մեջ եմ, 30 տարվա կյանքումս չէի պատկերացնում, որ կապրեմ էս ձեւի տան մեջ։ Իմ համար էս պալատ ա»,- ասել է Մեխակը։
Ավելին՝ տեսանյութում։