Հովհաննես Քոչարյան. Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձը ոգևորող չէ
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի համոզմամբ, միայն քաղաքական կամքը նման հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ռեֆորմի համար բավարար չէ:
«Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ մեր հասարակությունում հարցում անցկացնելու դեպքում, համոզված եմ, որ հարցվողների մեծ մասը հավանություն է տալու այդ գաղափարին: Մտածելու են, որ դրանով կուռուպցիան կհաղթահարվի կամ առնվազն կստանա ջախջախիչ հարված: Իրականում, սակայն չկա գիտականորեն հաստատված որևէ տվյալ, որ հակակոռուպցիոն արդարադատության և կոռուպցիոն հանցավորության վիճակի միջև առկա է ուղիղ համեմատական կոռելյացիա:
Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձն էլ ոգևորող չէ: Մեծ հաշվով՝ դրանք ցածր իրավագիտակցությունով հասարակություններ ունեցող այն երկրներն են, որտեղ կա կոռուպցիայի բարձր մակարդակ և ցածր վստահություն իշխանությունների նկատմամբ: Արդյո՞ք հայ հասարակությունը և Հայաստանը այդպիսին են…
Որպես հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ՝ ներկայացվում է գործերի բարդությունը, կոռուպցիոն գործերով միասնական պրակտիկայի ձևավորումը և այլն, մինչդեռ դա համոզիչ չէ , քանի որ քրեադատավարական օրենսդրությամբ նման գործերի քննության որևէ առանձնահատկություն նախատեսված չէ՝ թեկուզ և գործերի բարդությամբ պայմանավորված:
Իմ կարծիքով՝ դատարանակազմական փոփոխությանը հաջորդելու է կոռուպցիոն գործերով դատաքննության ժամկետների օրենսդրական կրճատումը, քանի որ գործերի քննությունը ձգձգելու համար իրավապահ համակարգից այսօր չեն դժգոհում միայն համակարգիչ ու սմարթֆոն չունեցողները: Հուսով եմ, որ չենք փոխառի Պաղեստինի տարբերակը՝ 10-օրյա դատաքննության ժամկետով:
Եթե ավելի լուրջ, ապա ո՞վ գիտի այն հարցերի պատասխանները, թե այս դատարանների գործունեությունը ինչպե՞ս կանդրադառնա մեր ներդրումային և առևտրային միջավայրի վրա. ինչ՞ու դատավորների ընտրությանը չեն ներգրավում միջազգային փորձագետներին, ինչ՞ու չի նախատեսվում գործերի քննության կոլեգիալ կազմ՝ մեկ պրոֆեսիոնալ դատավորով և պետական իշխանությունից անկախ՝ հասարակության երկու ներկայացուցիչներով՝ իրավաբան գիտնականներ, փաստաբաններ, իրավունքի հեղինակավոր դասախոսներ, հեղինակավոր հասարակական միավորումների իրավաբան ներկայացուցիչներ, և այլն:
Եվ վերջապես՝ ո՞րն է այն գլխավոր և հիմնական երաշխիքը, որ այս ռեֆորմը բարեհաջող չի տապալվելու: Միայն քաղաքական կամքը նման ռեֆորմի համար բավարար չէ»,-իրավաբանն իր մտահոգություններն ու հարցերը բարձրաձայնել է ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին