Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Վայոց Ձորի մարզ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ «Լիդիան»-ի վարձած նոր պահնորդական ծառայությունն Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է դիմադրական կետերից և փոխարենն իրենը դրել` դուրս գալով իր լիազորություններից և կատարելով ՀՀ իրավապահ մարմինների գործառույթ։
Թեև «Լիդիանը» նշում է, որ իր սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը, միևնույն է, ակտիվիստները վստահ են՝ դա վեր էր «Լիդիան»-ի լիազորություններից։
Այժմ ավտոերթի մասնակիցները կառավարությունից պահանջում են, որպեսզի նա վերջապես լուծի Ամուլսարի հարցը. նրանք դեմ են սարի հանք դառնալուն։
Տեղեկացնենք, որ Ամուլսարի պահպանության երկրորդ հենակետ մեկնելու ճանապարհին ոստիկանները ավտոերթի մասնակիցներին թույլ չտվեցին կայանել երթևեկելի հատվածում, որպեսզի չխոչընդոտեն երթևեկությունը։
«Դուք թո՞ւրք եք, թե ավելի բեթար»,- ոստիկաններին դիմելով զայրացած ասում էին ավտոերթի մասնակիցները։
Ոստիկանները հորդորում են բացել երթևեկելի հատվածը. «Հենց հիմա, թափով մեքենաները մի գծով կանգնեցրեք, որ մյուս մեքենաները կարողանան շարժվել»։
Ավտոերթի մասնակիցներն էլ իրենց հերթին ասում էին, որ իրենք ուզում են շարժվել, սակայն ոստիկանության աշխատակիցները խանգարում են իրենց և խոչընդոտում երթևեկը։
Փոխադարձ կոչերից հետո, ավտոերթի մասնակիցները հրաժարվեցին տեղաշարժել մեքենաները, իսկ ոստիկանները սկսեցին քաշքշել քաղաքացիներին, նրանցից ոմանք գետնին ընկան, սակայն ակտիվիստները շարունակում են մնալ անդրդվելի։
«Դուք որ խաղաղ քնում էիք, էս տղաներն էին կռվում, հիմա իրենց հետ եք էսպես վարվում։ Կարո՞ղ էիք, գնայիք թշնամուն խփեիք»,- նեղսրտած ասում էին ավտոերթի մասնակիցները։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան». Մեր սեփական տարածքից հեռացրել ենք ապօրինի գույքը
- «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին