
Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, կան վիրավորներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնից ոչ հեռու՝ նավահանգստային գոտում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, վերջին տվյալներով տասը մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ։
Ականատեսների փոխանցմամբ, պայթյունին հաջորդած ուժեղ ալիքից կոտրվել են պատուհանները, փլուզվել պատշգամբները։
Տեղի ունեցած ուժեղ պայթյունը ցնցել է գետինը, մարդիկ մտածել են՝ երկրաշարժ է։ Փողոցներում աղմուկ-աղաղակ է, խառնաշփոթ, մարդիկ փնտրում են հարազատներին՝ հասկանալու, արդյո՞ք վնասվածներ ստացել են, ո՞ղջ են։
Թե որն է եղել պայթյունի պատճառը, այս պահին հստակ տեղեկատվություն չկա։ Աղբյուրի փոխանցմամբ, այդ հատվածում եղել են քիմիական նյութերի պահեստներ։
Սոցցանցերում տարածվել են պայթյունի պահը ֆիքսած տեսանյութեր։