Ես պայքարել եմ Մաշտոցի պուրակի համար, և այժմ էլ պայքարում եմ. Մարության
«Ես կարծում եմ, որ Երևանը շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր։ Գաղտնիք չէ, որ ես պայքարել եմ Մաշտոցի պուրակի համար, և այժմ էլ պայքարում եմ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակում տեղի ունեցած ծառահատումներին։
Քաղաքապետի խոսքով, տաղավարները, որ պետք է կառուցվեին Մաշտոցի պուրակում, չկառուցվեցին հանրային ճնշումների պատճառով, բայց այնտեղ կա մի սրճարան, որն ուներ 277 քմ՝ որպես սեփականության իրավունք գրանցված տարածք, և 17 քմ սեփական տարածք, որը կարող էր գործածվել որպես տաղավար։
«Եվ մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ այդ տարածքը այդ մարդու սեփականությունն է, նույնատիպ խնդիր մենք ունենք նաև Օպերայում։ Բացի դրանից, 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվել է մի որոշում, որով մինչև այդ 386 քմ վարձակալության տրված տարածքը դառնում է 1048 քմ վարձակալության տարածք, և դրա մեջ ֆիքսվում են նաև այդ 277 և 17 քմ սեփականությունները։ Այդ վարձակալությունը տրամադրվել է մինչև 2040 թվականի դեկտեմբեր։ Երբ նոր քաղաքային իշխանությունը եկավ, քիչ-քիչ այս բաները սկսեցին դուրս գալ։
Առաջինը դուրս եկավ Սամվել Ալեքսանյանի հետ առնչվող «Ռիչ Գարդեն»-ը, որը պետք է գրանցվեր, բայց ես հասցրի ստոպ տալ։ Նույնն արել եմ այստեղ, ես այս որոշումը չեղյալ եմ համարել։ Ավելին, մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277 և 17 քմ սեփականությունները քանդելու ենք, վերացնելու ենք սեփականությունը, և դրա փոխարեն տալու ենք այդ նույն տարածքում կառուցապատման իրավունքով վարձակալության իրավունք, ինչը նշանակում է, որ կառուցվող գույքը կհամարվի համայնքային գույք»,- ներկայացրեց Հայկ Մարությանը։
Նա նշեց, որ գույքի վարձակալության ժամկետի ավարտից հետո արդեն քաղաքապետարանը կորոշի՝ քանդել այն և տարածքը կանաչապատե՞լ, թե՞ բարձր վարձավճարով տրամադրել որևէ մեկին.
«Սա լավագույն լուծումն է համայնքի համար, եթե մենք խոսում ենք օրենքներով, այլ ոչ՝ բեսպրեդելով, երբ մենք բուլդոզերներով մտնում ենք ու մարդկանց օրինական գույքը քանդում։ Հենց օրենքն ինձ այդ իրավունքը տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր, բայց քանի օրենքն այդ իրավունքը չի տալիս ինձ, պետք է այլ ճանապարհով գնալ»։
Երևանի քաղաքապետը հավաստիացրեց, որ Երևանի յուրաքանչյուր ծառի համար ինքը պատասխանատու է, և կռիվ է տալու, բայց միևնույն ժամանակ, նա նշեց, որ նախորդ տարեսկզբին հատուկ կազմ է հավաքվել, որպեսզի գույքագրվեն Երևան քաղաքի այն ծառերը, որոնք կենսունակ չեն, և կարող են ընկնել մարդկանց վրա։
«Այդ ժամանակ 437 ծառ գրանցեցինք, հիմա այդ թիվը 500-ից ավելի է։ Այս ծառերը պոտենցիալ վտանգ ունեն, անգամ մահվան ելքով վտանգ։ Վերջերս մի մեքենայի վրա ծառ էր ընկել, և վարորդը հրաշքով է փրկվել։ Այդ ծառերը անուն-ազգանունով գրանցեցել ենք և սկսեցլ հատել։ Գնալով շատանում են այդ ծառերը»,- տեղեկացրեց Հայկ Մարությանը։
Հարցին, թե արդյոք նախօրեին Մաշտոցի պուրակում հատված ծառերը մտնում են այդ 437 չորացած ծառերի մեջ, Հայկ Մարությանը պատասխանեց՝ չգիտեմ, չեմ կարող ասել. «Բայց որևէ թուփ չպետք է տուժեր այդ կառուցապատման ընթացքում, այդ պայմանը կարդ դրված։ Բայց նաև կար կարծիք, որ այդ ծառերը փոխարինման ենթական են։ Այդ կարծիքը կազմվել էր մասնագիտական խմբի կողմից։ Այդ ծառերը մահանում էին, և ես կարող էի հանգիստ նստել և սպասել, երբ են դրանք ընկնելու։ Բայց ես չեմ եկել այստեղ հանգիստ նստելու համար»։
Անդրադառնալով Մաշտոցի պուրակում այժմ իրականացվող շինարարական աշխատանքներին՝ Հայկ Մարությանը նշեց, որ շինթույլտվություն ստացած քաղաքացին շեղվել է շինթույլտվության նորմերից։
«Եթե մեկը դուրս է գալիս օրենքի սահմանից, տեղում պետք է պատժվի։ Հիմա այստեղ մինչև երեկ արդեն իսկ չորս արձանագրություն է եղել՝ մեկը փետրվարին, մեկը՝ մայիսին և երկուսը՝ հուլիսին։ Տուգանքները գրված են, և վերջին արձանագրության հետ կապված նաև ուսումնասիրություն է բացվել, թե ինչ շեղումներ կան։ Այսօրվանից դադարեցվել են շինարարական աշխատանքները, քանի որ վարչարարություն է եղել, իրենց նամակ ենք ուղարկել և այդ հիմքով այսօր դադարեցվել են աշխատանքները, որ շեղումների քանակը հստակեցվի։ Ցավոք սրտի, մեր կառուցապատողները շատ հաճախ են գնում այդ խախտումներին»,- ասաց Մարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել
- Մաշտոցի պուրակում սրճարանի տարածքն ազատում են ծառերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան