Արա Գալոյան. Մեր ու այլոց համավարակային առաջին կիսամյակը
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանն իր հերթական հոդվածում վերլուծել է առաջին կիսամյակի ցուցանիշները, համեմատել տարբեր երկրների տվյալները։
Նա գրում է.
«Այս օրերին տնտեսական տեղեկատվության նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Պատճառը համավարակն է: Կամ ավելի ստույգ՝ համավարակի ազդեցությունը տնտեսության վրա: Ինչպես նաև այն, որ այս օրերին հրապարակվում է, թե երկրորդ եռամսյակում որ երկրի վրա ինչ ազդեցություն է թողել (և թողնում) նոր կորոնավիրուսը:
ԵՄ վիճակագրության գրասենյակն, օրինակ, հայտարարել է անդամ երկրների տնտեսության 14.4 տոկոսանոց անկման մասին: Երկրորդ եռամսյակում ամենամեծ անկումն արձանագրել է Իսպանիան՝ 18.5 տոկոս: Իսկ ԵՄ առաջամարտիկ (ամենախոշոր տնտեսությունն ունեցող) Գերմանիայում անկումը 10.1 տոկոս է: Երկրորդ խոշոր՝ ֆրանսիական տնտեսության ռեցեսիան 13.8 տոկոս է:
Հասկանալի է, որ մեզ ավելի հետաքրքիր է մեր ու տարածաշրջանային վիճակագրությունը: Առաջին ամփոփ տեղեկությունը, ինչպես միշտ, հրապարակել է Վրաստանը: Այս տարվա առաջին եռամսյակի 5.5 տոկոսանոց ՀՆԱ անկման ցուցանիշը երկրորդ եռամսյակում 12.6 տոկոս է: 2020թ․ հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 7.7 տոկոս է:
Տնտեսության իրական հատվածում չի կրճատվել միայն հանքահումքային արդյունաբերությունը (այս ոլորտը մեր երկրում նույնիսկ աճ է արձանագրել) և «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարումը և վերամշակումը»:
Սրան զուգահեռ, ի տարբերություն մեր երկրի, Վրաստանում բարձր ինֆլյացիա է գրանցվել՝ 5.7 տոկոս: Հատկապես բարձր է պարենի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը՝ 11.5 տոկոս: Ալկոհոլային խմիչքներինը 9 տոկոս է, տրանսպորտինը՝ 9.3 տոկոս: Ասիական զարգացման բանկի վրացական գրասենյակի պատասխանատուն հայտարարել է, որ մեր հարևան երկրի զբոսաշրջության ոլորտում անկումն առնվազն 60 տոկոս է:
Եւ, որ հարկավոր է նոր կրթական ու վերապատրաստման ծրագրեր սկսել՝ փորձելով օգնել այդ ոլորտում ներգրավված տնային տնտեսություններին: Ընդգծման արժանի ևս երկու տեղեկատվություն կա: Lufthansa-ն օգոստոսի 3-ից սկսել է թռիչքները դեպի Վրաստան: Մյունխեն-Թբիլիսի և հակառակ ուղղությամբ շաբաթական երկուական թռիչք է լինելու: Գերմանիան մի տեսակ առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր հարևանների հանդեպ: 170 մլն եվրո արտոնյալ վարկ տրամադրելու և 28.5 մլն եվրո դրամաշնորհ նվիրելու փաստն այլ բառերով չես բնութագրի: Հատկապես, որ այդորակ գործարքների ընդհանուր ծավալն արդեն գերազանցում է 1 մլրդ եվրոյի ցուցանիշը:
Իսկ մեր մյուս հարևանի՝ Ադրբեջանի տնտեսական տեղեկատվությունը համարյա բովանդակազուրկ է: Ինչպես միշտ: Որևէ բան հասկանալու համար հարկավոր է «ոգեկոչել» տողատակ ընթերցելու խորհրդային հմտությունը: Տնտեսության ռեցեսիայի կոնկրետ թվեր առայժմ չկան: Բայց այդ մասին որոշակի պատկերացում կարելի է կազմել տարադրամի կուրսից (աճից) և այն փաստից, որ երկրի ամենահարուստ՝ Նավթային հիմնադրամը 47 տոկոսով ավելի շատ է տարադրամ վաճառել: Առաջին կիսամյակի համար նշվում էր, որ վաճառվել է 4.5 մլրդ դոլար:
Իսկ հիմա մանրամասնում են, որ այս հունիսին նախորդի համեմատ 18,5 տոկոսով ավելի շատ դոլար է վաճառվել: Այս երկրի պետական պարտքը անցած տարեվերջին ՀՆԱ-ի 18.9 տոկոսի չափ էր հայտարարված: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 20.7 տոկոս: Երկրորդ եռամսյակի ցուցանիշն արդեն 24.5 տոկոս է:
Օգոստոսի 3-ին Բաքվի մետրոն փակ էր (համավարակի դեմ պայքարի շրջանակներում): Իսկ ավտոբուս «խցկվել» հնարավոր չէր (բառացի թարգմանություն է): Բայց մամուլը նաև գրում էր, որ բազմաթիվ նախարարների մասնակցությամբ երկրի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում քննարկվում է 2020թ․ պետբյուջեի վերանայման հարցը: Քննարկման թեմաները մանրամասնած չեն:
Փոխարենը կա տեղեկատվություն այն մասին, որ թոշակներն ու սոցիալական հատկացում-վճարները չեն նվազեցվի: Հետևաբար կարելի է ենթադրել, որ խորհրդարանում քննարկում են բյուջեի դեֆիցիտի ավելացման և բուն բյուջեի ծախսերի կրճատման հնարավորության հարցերը:
Իսկ մեր մասին ասենք՝ տնտեսության առաջին կիսամյակի մակրոտնտեսական թվերի նախնական տվյալներն են դեռ հրապարակվել: Ամփոփ ու ընդարձակ հաշվետվությունը կլինի օգոստոսի 5-ին: Կլինի ու կարելի կլինի համեմատել»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Գալոյան. Խոշոր հարկատուների ճնշող մեծամասնության գործունեությունը բացառապես մայրաքաղաքում է
- Արա Գալոյան. Մակրոտնտեսական կիսամյակ․ լուրջ անկում կա թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ոլորտներում
- Արա Գալոյան. Մեր կայուն ու անկայուն հարկատուները․ թվերը մխիթարական չեն