Մահացած հայերի թիվը հասավ 11-ի․ հայ համայնքի շրջանում ՀՀ վերադառնալ ցանկացողներ կան. Լիբանանահայ գործիչ
«Բեյրութում տեղի ունեցած աննախադեպ պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ, դժբախտաբար, 11-ն է»,- 168․am-ի հետ զրույցում ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ ներկայացնելով Բեյրույթում վերջին ժամերին ստեղծված իրավիճակը, հայ համայնքի կրած վնասները և խոսելով Հայաստանի Կառավարությունից ակնկալվող աջակցության մասին։
Շահան Գանտահարյանը ցավով արձանագրել է, որ զոհերի թիվն ավելանում է, արդեն հայազգի 11 զոհ կա, կան հարյուրավոր վիրավորներ, սակայն հստակ տվյալներ չկան, թե նրանցից քանիսն են հայ համայնքի ներկայացուցիչ։ Սակայն, նրա խոսքով, ընդհանուր պատկերն այս պահին այսպիսին է՝ ցավալի։
«Ահավոր մեծ նյութական վնասներ է կրել երկիրը, ավերածություններ՝ և բնակարանների, վաճառատների, և կենտրոնների, համայնքային կառույցների՝ լինի եկեղեցի, հոգևոր կենտրոն, թե կուսակցական, միութենական կենտրոններ, գրասենյակներ, մամուլի խմբագրություններ, այսինքն՝ համարյա թե բոլոր կենտրոնները կրել են ծանր վնասներ։ Ընդհանուր վնասը դեռ վաղ է հստակ թվերով նշել, բայց հետևանքը ծանր է ամեն առումով, այդ թվում՝ բարոյահոգեբանական առումով։ Ցնցումը բերել է մարդկանց մոտ հոգեցնցումներ, որովհետև սա աննախադեպ մասշտաբի, շատ հզոր, ուժգին հարված էր։ Քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում նման բան չէր եղել, եղել էին հռթիռակոծումներ, կործանիչներ, ռմբակոծել էին օդուժը, ծովուժը, այսինքն՝ այս ամենը եղել էր այս երկրում, անցել էինք այդ բոլորով, սա իր ուժգնությամբ աննախադեպ էր, և մարդիկ սա արդեն հզոր երկրաշարժի հետևանքների հետ են համեմատում»,- ասել է նա։
Հարցին, թե ՀՀ կառավարությունից այս պահին ինչպիսի՞ աջակցություն է ակնկալվում, և ի՞նչ անհապաղ աջակցության կարիք ունի հայ համայնքը, Գանտահարյանը պատասխանել է, որ հարցը պետք է դիտարկել երկու ուղղություններով։
Առաջինը, նրա խոսքով, Երևան-Բեյրութ միջպետական հարաբերությունների առումով, որովհետև արդեն մտադրություն ունի Կառավարությունը Բեյրութը հայտարարել աղետի գոտի, և բազմաթիվ երկրներ արդեն իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակություններ տրամադրել Լիբանանին։ «Կան երկրներ, որ ոչ միայն հայտնել են, այլև գործնականորեն քայլեր կան՝ օդանավեր են ուղարկում բժշկական անձնակազմերով, շարժական հիվանդանոցներով, սնունդ, դեղորայք։
Կարծում եմ նաև՝ հումանիտար օժանդակության միջազգային առումով Լիբանանի բարեկամ երկրների շարքում Հայաստանը ևս կլինի և որոշակի առումով աջակցություն կապահովի։ Սա արդեն որոշակիորեն համաձայնեցված պետք է լինի համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովներով՝ ըստ առաջնահերթությունների և առաջնային պահանջների»,- նշել է լիբանանահայ գործիչը։
Երկրորդ ուղղությունը, ըստ Գանտահարյանի՝ հայ համայնքի ուղղությունն է։ Նա տեղեկացրել է, որ համայնքի շրջանում հայրենիք վերադառնալ ցանկացողներ կան։ «Սակայն առ այս պահը Երևան կարող են գալ միայն ՀՀ քաղաքացիները կամ կացության հատուկ կարգավիճակ ունեցողները։ Ուստի, կարծում եմ՝ պետք է այդ սահմանափակումը վերացվի, և և ցանկացած լիբանանահայ, անկախ այն հանգամանքից, ունի ՀՀ քաղաքացիություն, թե ոչ, պետք է հնարավորություն ունենա ցանկության դեպքում վերադառնալ Հայաստան, սա հումանիտար աղետ է, եթե նման ցանկություն կա, առանց սահմանափակման պետք է արտոնել, տալ այդ թույլտվությունն առաջին հերթին։
Մնացածը հայ համայնքի պատասխանատուների միջոցով բժշկական, դեղորայքային, սննդային օգնություն, ըստ ոլորտի, կարծում եմ՝ կարելի է համակարգել։ Այստեղ ՀՀ դեսպանը կապի մեջ է համայնքի պատասխանատուների հետ՝ և հոգևոր, և ազգային քաղաքական կուսակցական, և ըստ անհրաժեշտության գործողություններ կիրականացվեն»,- ասել է Գանտահարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՈւԵՖԱ-ի ղեկավարի արձագանքը Բեյրութում տեղի ունեցած պայթյունին
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը
- Նաիրա Զոհրաբյան. Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ
- Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվը հասել է 6-ի․ ԱԳՆ
- Բեյրութը այսօր՝ լուսանկարներում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան