«Ժողովուրդ». Իշխող խմբակցությունը որոշել է «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է հանդիպում անցկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Մեր տեղեկություններով՝ խմբակցությունում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պատգամավորները պետք է այդ օրն ուղղեն նախարարին և լսեն նրա պատասխանները:
Մենք տեղեկացանք, որ այդքան կուտակված հարցերի պատճառը վերջերս այս ոլորտում կատարվող փոփոխություններն են, որոնք անգամ հանգեցրել էին ուսանողների կողմից բողոքի ակցիայի, ինչպես նաև տարբեր քննադատությունների՝ արդեն կրթական նոր չափորոշիչների մասով: Եվ այս ամիսներին կուտակված բողոքներից առաջացած հարցերն էլ պատգամավորները պատրաստվում են ուղղել նախարարին:
Նկատենք, որ վերջերս խորհրդարանում կրկին քննարկում էր անցկացվել. ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը քննարկում էր անցկացրել ոլորտի խնդիրների վերաբերյալ, սակայն նախարարը չէր ներկայացել, որն էլ առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Եվ հենց դա է պատճառը, որ այս անգամ խմբակցությունը որոշել է ի վերջո «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին և դռնփակ նիստում ուղղել բոլոր հարցերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում