Նորամարգի ուսուցիչներ. Արարատի մարզպետի բարեկամը անարդար զբաղեցնելու է տնօրենի պաշտոնը
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ուսուցիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, նրանց պահանջը մեկն է՝ համայնքի դպրոցի տնօրենի արդար ընտրություն։
Նրանք պնդում են, որ համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթն ապօրինություններով է անցել։ Նրանց խոսքով, դպրոցի տնօրեն է դառնալու մեկը, որ Արարատի մարզպետի հետ բարեկամական կապ ունի։
Դպրոցի ուսուցիչներից Փերինե Գալստյանը նշեց, որ իրենց դպրոցի տնօրեն Ծովինար Գալստյանը հինգ տարվա ընթացքում զարգացրել ու ծաղկեցրել է դպրոցը, հիմնահատակ վերանորոգել է այն. «Իսկ հիմա շշուկներ կան, որ հեռավոր գյուղերից ինչ-որ մեկը տասը րոպեում դիմում է ներկայացրել ու դառնալու է դպրոցի տնօրեն, խոսում են նաև, որ նա մարզպետի հետ բարեկամական կապ ունի, կամ էլ կաշառք է տվել։ Կոնկրետ ես մտածում եմ, որ այստեղ կաշառք կա»։
Ուսուցչուհին ասաց նաև, որ իրենք խնդրի վերաբերյալ նամակ են ուղարկել վարչապետին, սակայն դեռ որևէ պատասխան չեն ստացել։
«Այնքան ակնհայտ է երևում, որ մարզպետարանը դիտմամբ է տապալում մրցույթը, իսկ մեր կողմից վարչապետին ուղարկված նամակը ուղարկվել է մարզպետարան։ Մենք մարզպետի հետ հանդիպում բազմիցս խնդրել ենք, բայց նա ոչ մի անգամ չի եկել ու չի խոսել։ Բայց մենք շարունակելու ենք պայքարել, քանի որ մրցույթ այլևս չի լինելու և որոշողն արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է լինելու»,- ասաց ուսուցչուհին։
Նշենք, որ կառավարության ներկայացուցիչը հանդիպեց ուսուցիչների հետ և ասաց, որ իրենք դիմում-նամակը ստացել են, և այն այժմ քննարկման փուլում է։
Հարակից հրապարակումներ`
- Տնօրենի ընտրության տապալումից մինչև ծնողների հեռախոսային ձայնագրությունների հրապարակում. Ահազանգում է ուսուցչուհին
- Նորամարգի բնակիչներն ու ուսուցիչները պահանջում են դպրոցի տնօրենի արդար ընտրություն