Արմեն Պետրոսյան. Լիբանանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել արաբական մի շարք երկրների կողմից
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունը, որն ավելի շատ անփութության հետևանք էր, խոսում է այդ երկրի գրեթե բոլոր ոլորտներում առկա կառավարման, համակարգային լրջագույն խնդիրների մասին»,- Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից Լիբանանը տնտեսական լուրջ ճգնաժամ է ապրում, դրան գումարվեց կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը, ապա երեկ տեղի ունեցած պայթյունը, որ բազմաթիվ կյանքեր խլեց, ավերածությունների, նյութական ահռելի կորուստների պատճառ դարձավ։
Արաբագետը չի բացառում, որ այս ամենը կարող է ունենալ նաև քաղաքական հետևանքներ։
«Կա մեծ հավանականություն, որ երկրում կծավալվեն բողոքի մեծ գործողություններ կառավարության դեմ, կլինեն նոր պաշտոնանկություններ, ընդդիմությունն էլ իշխանության գալու նոր օրակարգ կձևավորի»,- ասաց Արմեն Պետրոսյանը։
Թե ինչպիսին կարող է լինել արտաքին դերակատարների արձագանքները, Պետրոսյանն այս պահին դժվարանում է ասել, կարելի է միայն ենթադրություններ անել.
«Նաև այս պայթյունի հետևանքով Լիբանանի կառավարությունը հայտնվել է խոր ճգնաժամում։ Այն միայնակ հաղթահարել չի կարող, ահա այստեղ է, որ նա կարիք ունի միջազգային աջակցության։ Կարծում եմ, Լիբանանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել արաբական մի շարք երկրների կողմից՝ ավելացնելու ճնշումը լիբանանյան կառավարության վրա»։
Արաբագետն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է արտաքին լուրջ ֆինանսական աջակցության ու ներքին բարեփոխումների համադրում։
«Ֆինանասական աջակցություն կարող են ցուցաբերել Պարսից ծոցի հարուստ արաբական պետությունները՝ կապելով այդ աջակցությունը Իրանի դիրքերի թուլացմանը միտված քաղաքականության հետ։ Լիբանանյան կառավարությունն էլ այս պահին չի գնում նման քաղաքականության, քանի որ հանդիսանում է «Հըզբոլլահ»-ի աջակցությամբ գործող կառավարություն։ Հետևաբար այս պայմաններում փորձ է արվելու թուլացնել «Հըզբոլլահ»-ի դերակատարությունը, ինչպես նաև Իրանի ազդեցությունը լիբանանյան ներքին գործընթացների վրա»,- մանրամասնեց նա։
Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին ու շարժերին, հնչող հայտարարություններին մշտապես հետևող Պետրոսյանը գրեթե բացառում է Բեյրութում տեղի ունեցած պայթյունին Իսրայելի մասնակցությունն ու իսրայելական հետքը։
«Իսրայելական հետախուզությունը բավականին զգույշ է աշխատում, նման հումանիտար աղետի չէր գնա։ Եթե ենթադրենք, որ այս ամենի հետևում կանգնած է Իսրայելը, ապա պատասխանը պետք է լիներ Լիբանանի կողմից Իսրայելին պատերազմ հայտարարելը։ Բայց կրկնում եմ, սա անիրատեսական սցենար է»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ նավահանգստին մոտ երեկ հզոր պայթյուն է որոտացել։ Զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է։ Վերջին տվյալներով, մահացել է 100 մարդ, վնասվածքներ են ստացել մի քանի հազարը։
Պատճառը, ըստ այս պահին հրապարակված տեղեկությունների, վեց տարի առաջ մոտ երեք տոննա առգրավված ու պահեստավորված ամոնիումի նիտրատն է։
Լիբանանի նախագահը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութի քաղաքապետը լաց լինելով ասում է․Պայթյունը նման էր Հիրոսիմային և Նագասակիին
- Դելիա Փափազյան. Բեյրութում պայթյունի հետևանքով մահացած 5-րդ հայը
- Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի
- Բեյրութում պայթյունի հետևանքով հայ բուժքույր է մահացել
- Բեյրութում զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորների թիվը՝ մի քանի հազարի
- Պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել Անթիլիասի մայրավանքը
- Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին. Փաշինյան
- Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
- Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին