Regeneron. հակամարմինները կանխում և բուժում են COVID-19-ը կենդանիների մոտ
Երկուշաբթի օրը Regeneron Pharmaceuticals ընկերությունը հայտարարել է, որ հակամարմինների համադրությունից ստացված դեղամիջոցները կանխարգելում և բուժում են COVID-19 կենդանիների մոտ ՝ հույս հայտնելով, որ այն կարող է կիրառվել նաև մարդկանց վրա: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ բիոտեխնիկական ընկերությունը հայտարարել է նաև, որ կենդանիների վրա հետազոտությունները, որոնք դեռևս վերջնական չեն, ցույց են տվել, որ երկու հակամարմինների համադրությունը կարողացել է գրեթե ամբողջությամբ արգելափակել վարակը:
Regeneron-ում հայտնում են նաև, որ դեղամիջոցին հաջողվել է նաև նվազագույնի հասցնել վարակը երկրորդ հետազոտության ժամանակ, որում հետազոտվել են արդեն վարակված կենդանիներ:
Հիվանդությունը կանխարգելվել է դեղամիջոցի ավելի ցածր չափաբաժինով, հայտնում է ընկերությունը:
Ըստ ընկերության, հակամարմիններով բուժվող վարակված կենդանիներն ավելի արագ են ապաքինվել վիրուսից: Հետազոտողները պնդում են, որ այս տվյալները ցույց են տալիս, որ թերապիան կարող է կիրառվել հիվանդանոցային պայմաններում ինչպես COVID-19-ի կանխարգելման, այնպես էլ բուժման համար:
Նրանք նաև նշում են, որ բուժում ստացած կենդանիների մոտ չի հայտնաբերվել որևէ հետևանք կամ բուժումից հետո պաթոլոգիական որևէ ախտանիշ: Դա կարևոր ազդանշան է, որը ենթադրում է, որ այն չի կարող վատթարացնել հիվանդի վիճակը և անդառնալի հետևանքներ թողնել նրա առողջության վրա:
Ուսումնասիրություններն իրականացվել են ընդհանուր առմամբ ավելի քան 80 կենդանիների վրա: Սա սակայն դեռևս վերջնական հաջողության գրավականը չէ:
Regeneron-ն արդեն սկսել է կլինիկական փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա:
Ընկերությունը 450 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ կառավարության հետ՝ հաջողության դեպքում բուժման այս եղանակը տրամադրելու համար:
Այսօր հակամարմինների միջոցով բուժում ապահովելու փորձեր են իրականացնում նաև այլ ընկերություններ: Այս պահին հետազոտությունները դեռևս շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա