Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Նշենք, որ վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։
Հանձնաժողովին տեղակացվել է, որ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին,տեղեկացնում է, որ Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում:
«Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է:
Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը:
Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար:
Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի»,-գրել է ԱՆ խոսնակը։