Լիբանանի հայ պատգամավոր․ Լիբանանի հայությունը պիտի մնա, պիտի ապրի այստեղ՝ Հայաստանի, Արցախի համար
«Սա մի աղետ էր, որ պատահեց։ Տեղի ունեցածը ահավոր է, բառերով բացատրելի չէ։ Ցավով պետք է ասեմ, որ քանդված են գրեթե մեր բոլոր եկեղեցիները, ազգային կառույցները, ունենք 250 վիրավոր, 11 նահատակ։ Ունենք ահռելի վիճակ, որ ավելացավ տնտեսական, առողջապահական տագնապներին»,-այս մասին OTV-ին ասել է Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին՝ խոսելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի, երկրում իրավիճակի մասին։
Հակոբ Բագրատունու խոսքերով, Լիբանանի հայությանը հասած հարվածն ահավոր հարված է համայն հայության համար։
«Եվ իմ միակ ակնկալիքն է այսօր, փոխարեն կարծիքներ տաք, թե բավական է Լիբանանում մնաք, թողեք և դուրս ելեք, խուճապային այս տրամաբանությունն այսօր չի գործի, ոչ էլ քաղաքական ավելորդ վերլուծությունների պահն է, դրանց ժամանակը կգա։ Այսօր միակ անհրաժեշտությունը մեր ժողովրդի կողքին լինելն է՝ հոգով, բարոյական ու նյութական աջակցությամբ։ Այսօրվա հրամայականն այն է, որ համայն հայությունը, որտեղ էլ լինի՝ Ստեփանակերտ, Երևան, Սիդնեյ, Նյու Յորք․․․, այնտեղ, որտեղ հայի սիրտ է բաբախում, այսօր ժամանակն է, որ այդ սիրտը բաբախի միայն Լիբանանի հայության համար։ Սա ոչ մուրացկանություն է, ոչ էլ պարզապես պահի ցավի տակ արված արտահայտություն։ Սա հրամայական պահանջ է։ Լիբանանի հայությունը պիտի մնա, պիտի ապրի այստեղ՝ Հայաստանի համար, Արցախի համար։ Լիբանանի հայությունը պիտի ապրի համայն հայության համար, և հայան հայությունը պարտավոր է ապրեցնել Լիբանանի հայությանը»,-ասում է Հակոբ Բագրատունին։
Posted by Hagop Pakradounian on Wednesday, August 5, 2020