Նորամարգի դպրոցի նորանշանակ տնօրենին ոստիկանները համարյա կիսագրկած են ուղեկցել դպրոց. նախկին տնօրեն
Արարատի մարզի Նորամարգ համայնքի ուսուցիչները, աշակերտներն ու նրանց ծնողները այսօր ևս բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց։ Նրանց պնդմամբ, համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունն իրականացել է անարդար եղանակով։
Դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը տեղեկացրեց, որ այսօր դպրոցում մեծ բողոքի ակցիա է եղել, սակայն դպրոց է եկել ոստիկանական մի ամբողջ վաշտ, 2-3 ժամ մնալուց հետո նրանք հրմշտել են աշխատողներին և, կարելի է ասել, կիսագրկած վիճակում նոր տնօրենին տարել դպրոց, ինչից հետո ուսուցիչները հայտարարել են, որ չեն աշխատելու:
«Աշակերտները նշեցին, որ դասադուլ են անելու և ծնողների հետ միասին լքեցին շենքը՝ թողնելով նորանշանակ տնօրենին միայնակ։ Իրավական ձևաչափով պահանջելու ենք արդարություն, իսկ ինչ վերաբերվում է համայնքին, գործողությունները միանշանակ չեն դադարելու, օր օրի ավելի կուժեղանան դրանք»,- նշեց Ծովինար Գալստյանը։
Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Փերինե Գալստյանն էլ նշեց, որ իրենք, տեսնելով նորանշանակ տնօրենի համառությունը, թողել, դուրս են եկել դպրոցից.
«Եթե նրա համար այդ շենքն էր կարևոր, թող մնա այնտեղ: Ես մտածում էի, որ ըմբռնումով կմոտենա, և կգնանք փոխհամաձայնության, սակայն այդպես չեղավ: Նրա հետ եկել էր համայնքապետը, բազմաթիվ ոստիկաններ էին այնտեղ, տպավորություն է, որ բոլորը ծառայում են այդ կնոջը»։
Հիշեցնենք, որ երեկ նույնպես դպրոցի ուսուցիչները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Փերինե Գալստյանն էլ կարծիք էր հայտնել, որ նորանշանակ տնօրենը կա՛մ բարեկամական կապ ունի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, կա․՛մ էլ կաշառք է տվել։
«Ես կարծում եմ՝ այստեղ կաշառք կա»,- ասել էր ուսուցչուհին։
Հարակից հրապարակումներ`
- Նորամարգի ուսուցիչներ. Արարատի մարզպետի բարեկամը անարդար զբաղեցնելու է տնօրենի պաշտոնը
- Նորամարգի բնակիչներն ու ուսուցիչները պահանջում են դպրոցի տնօրենի արդար ընտրություն