Հայ գիտնականները ստեղծվել են 23 մշակաբույսերի 150 սորտեր
Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում ստեղծվել են 23 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր։ Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3850 սորտանմուշներ: Այս մասին տեղեկացրել է կենտրոնի գենոֆոնդի պահպանման բաժնում կենտրոնի գիտաշխատող Ալվինա Ավագյանը ՊՈԱԿ եկած էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանին։
էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանք շրջայց են կատարել կենտրոնի ջերմոցներում, որտեղ իրականացվում է լոլիկի, վարունգի, տաքդեղի և այլ մշակաբույսերի սածիլների արտադրություն:
Ալվինա Ավագյանը հյուրերին ներկայացրել է հատուկ սառնարաններում պահպանվող բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք ներառում են տեղական սորտեր, սելեկցիոն սորտեր, հանրապետություն ներմուծված արտասահմանյան սելեկցիայի սորտեր և հիբրիդներ:
Այնուհետև պաշտոնյաները շրջել են բույսերի ֆիզիոլոգիայի և ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայում, որտեղ ժամանակակից մեթոդներով կատարվում է բույսերի բակտերիալ, սնկային հիվանդությունների, ինչպես նաև հողի և ջրի ախտորոշում:
Բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունեն հատկապես լոլիկը, վարունգը, տաքդեղը, սոխը, հազարը:
«Ներկա պահին գիտական աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով, ելնելով պահանջարկից՝ ավելանում են սերմերի արտադրության ծավալները։ Բացի այդ, շարունակվում են նաև սելեկցիոն աշխատանքները, ստեղծվում են բարձր բերքատվությամբ, առավել դիմացկուն սորտեր։ Ընդհանուր առմամբ, տարեկան շրջանացման մեջ մտնում է 10-15 նոր սորտ», - նշել է տնօրենը:
Հյուրերին նաև տեղեկացվել է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և տեղացի ֆերմերների հետ` տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ և ապահովելով դրանց փոխադրումը։