Եթե բանկում կամ սուպերմարկետում մեկ վարակված քաղաքացի հայտնաբերվի, ապա ամբողջ կոլեկտիվը կախտորոշվի. նախարար
«Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հանրապետությունում շարունակաբար թուլանում է, բայց, ըստ էության, անենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են բարձր մնալ»,- Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, այսօրվա դրությամբ կա որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիության մակարդակը բարձրացել է, և եթե նախկինում նոր դրական դեպքերը հասնում էին օրվա հետազոտությունների 25-30%-ին, ապա այժմ տանտանվում են 15%-ի շրջանում։
«Դա նշանակում է, որ մենք հայտնաբերելիության լավ վիճակ ունենք, և ես ուզում եմ ասել, որ այս առումով մարտավարության փոփոխության հնարավորություն ենք ստացել։ Եթե նախկինում հոսքերը մեծ էին, և մենք պասիվ սպասում էինք, որ մարդիկ դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և Առողջապահության նախարարությունն ավելի նախաձեռնող կլինի, և ռիսկային որոշակի խմբերում, կոլեկտիվներում, գործարաններում սեփական նախաձեռնությամբ այցեր կիրականացնի ու ախտորոշումներ կանի։ Եվ սա այն ձևը կլինի, որ մեզ հնարավորություն կտա ի վերջո հաղթահարել համաճարակը»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ նախարարությունն իր նախաձեռնությամբ վերցնելու է ռիսկային փակ հաստատություններին, կոլեկտիվներին, բնակիչներին հետազոտելու, ինչպես նաև համաճարակաբանական կապ գտնելու պարտականությունը։
«Այդ խմբում են սուպերմարկետները, ֆաբրիկաները, փակ հաստատությունները, բանկերը, թաղապետարանները, հոգեկան առողջության կենտրոնները։ Եթե մեկ հոգու հայտնաբերենք այս հաստատություններում, ապա մնացածին արագ հայտնաբերելու համար չենք սպասի նրանց մոտ սիմպտոմների հայտնվելուն։ Մենք նրանց կախտորոշենք»,- ասաց Ա. Թորոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ վերջերս հոգեկան առողջության կենտրոններից մեկն է հետազոտվել, և 350 հոգու շրջանում 25 դրական դեպք է արձանագրվել.
«Այդ մարդիկ որևէ սիմպտոմ չեն ունեցել, բայց մենք նրանց հայտնաբերել ենք»։
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե չգնայինք ու չհայտնաբարեինք, ապա այդ 25 դեպքը կդառնար 50…100 և այդպես շարունա՞կ։
«Այո»,- պատասխանեց Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, եթե առաջ կար ցուցանիշ, որ 38.5 ջերմությունով քաղաքացիներին էին միայն հետազոտում, հետո այդ ցուցանիշն իջավ մինչև 37.5, այժմ նման սիմպտոմներով դիմող քաղաքացիները քիչ են։
Վարչապետ Փաշինյանն էլ տեղեկացրեց, որ նախորդ օրվա դրությամբ, ծայրահեղ ծանր վիճակում է 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ․ դեպքերի թիվն էականորեն նվազել է.
«Այս ամենը դիմակների պարտադիր կրման արդյունք է։ Մենք այսօր պետք է պահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այդ կանոնների կուլմինացիան դիմակների պարտադիր կրումն է և՛ բաց, և՛ փակ տարածքներում, ինչպես նաև սոցիալական հեռավարության պահպանումն ու ձեռքերի անընդհատ ախտահանումը»։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն հավանականությամբ շաբաթ օրը Հայաստանից Բեյրութ օգություն կուղարկվի. Ավինյան
- Մեկնարկել է կառավարության նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան