Լիբանանահայերը խիստ կարիքի մեջ են, շատերը Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեն. «Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն
Սոցիալական արդեն իսկ ծանր կացությունը Լիբանանում է՛լ ավելի սրվեց մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով: Հայկական սփյուռքի կենտրոններից մեկը համարվող երկրում կարիքի մեջ են հայտնվել նաև տեղի հայերը: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Բեյրութի «Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանն ասաց, որ մոտ 7500 հայ ընտանիք սննդի, բուժօգնության, բնակարանների նորոգման կամ կառուցման խիստ կարիք ունի. «Տեսանք հայ ընտանիքներ, որոնք կարիքավոր չէին, բայց դարձան կարիքավոր»:
«Կարագյոզյան» հիմնադրամը Լիբանանում գործում է շուրջ 80 տարի՝ բժշկական և սոցիալական աջակցություն տրամադրելով տեղի հայերին: Պայթյունի պատճառով այն ևս վնասներ է կրել: Եվ ինչպես Սերոբ Օհանյանն ասաց, իրենք հրաշքով են փրկվել: Եվ անգամ վրաններում պատրաստվում են շարունակել մարդկանց օգնություն ցուցաբերել:
Հիմնադրամի տնօրենի փոխանցմամբ՝ մարդիկ կարիք ունեն նաև սոցիալական և հոգեբանական աջակցության: Ինչպես նաև կարիք կա երիտասարդներին ուղղորդել, որպեսզի կարողանան աշխատանք գտնել, կամ հաստատվել Հայաստանում: Ըստ Սերոբ Օհանյանի՝ նրանց շրջանում նման մտադրություններ կան: Շատերի մոտ անապահովության և վախի զգացում է Լիբանանում ապրելու շուրջ, և Հայաստանը նրանց համար հայրենիք վերադառնալու ուղի է. «Հայ երիտասարդներն ուզում են վերադառնալ»:
Բեյրութի պայթյունից տուժել են հայկական մի շարք հաստատություններ, կրթամշակութային կենտրոններ, դեսպանատունը, ինչպես նաև հայաբնակ Բուրջ Համուդի եկեղեցին: Զոհերի և հազարավոր վիրավորների թվում կան նաև հայեր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան