Յունիսեֆ. Աշխարհի երեխաների 1/3-ը թունավորվում է կապարով
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Pure Earth կազմակերպությունը կոչ են անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու վտանգավոր գործելակերպը, այդ թվում՝ կապարային մարտկոցների ապօրինի վերամշակումը։ Համաձայն նոր զեկույցի, Կապարային թունավորումը հսկայական և մինչև այսօր անհայտ մասշտաբների հասնող ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Pure Earth-ի նոր զեկույցի։
«Թունավոր ճշմարտություն․ կապարային թունավորումը քայքայում է սերնդի ներուժը» զեկույցը մանկության շրջանում կապարի ազդեցության վերլուծությունն է, որն իրականացվել է Health Metric Evaluation ինստիտուտի կողմից։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, իր տեսակի մեջ առաջին այս զեկույցը փաստում է, որ աշխարհում յուրաքանչյուր 3-րդ երեխայի, այսինքն՝ ավելի քան 800 մլն երեխայի արյան մեջ կապարի պարունակությունն (հավասար է կամ անգամ ավելին է, քան 5 միկրոգրամը մեկ դեցիլիտրում), այնքան է, որ նման դեպքերում ԱՀԿ-ն և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը միջամտության անհրաժեշտություն են տեսնում։
«Սկզբում, կապարն իր թույլ արտահայտված նշաններով լուռ քայքայում է երեխայի առողջությունն ու զարգացման ներուժը՝ նպաստելով հետագա հնարավոր խնդիրների առաջացմանը։ Իմանալով կապարային աղտոտվածության տարածման չափն ու բացասական ազդեցությունը մարդու և միջավայրի վրա, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ երեխաներին դրանից մեկընդմիշտ պաշտպանելու համար»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։
Հետազոտությունը փաստում է, որ կապարը, որպես ուժեղ նեյրոտոքսին, չվերականգնվող վնաս է հասցնում երեխայի ուղեղին։ Այն հատկապես կործանարար է մինչև հինգ տարեկանի համար, քանի որ վնասում է երեխային հենց այն շրջանում, երբ ուղեղը դեռ նոր պետք է զարգանա: Կապարի վնասակար ազդեցությունը կարող է ամբողջ կյանքի ընթացքում նյարդային, հոգեկան և ֆիզիկական խաթարումների պատճառ դառնալ։
Երեխայի հոգեկան առողջությանը հասցված վնասը կարող է վարքային խնդիրներ առաջացնել՝ ավելացնելով բռնարար և հանցագործ վարք դրսևորելու հավանականությունը։ Ավելի մեծ տարիքում հետևանքները, երբեմն, ավելի ծանր են լինում. երիկամների և հետագայում սրտանոթային հիվանդություններ:
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կապարային թունավորման հիմնական պատճառը կապարային մարտկոցների ապօրինի և չափորոշիչների խախտմամբ վերամշակումն է, ինչն այդ երկրներին կարող է գրեթե 1 տրիլիոն դոլարի վնաս հասցնել՝ հիմնականում երեխաների տնտեսական ներուժի կորստի հաշվին։
Այդպիսի երկրներում, 2000թ-ի համեմատ, տրանսպորտային միջոցների քանակը եռակի աճել է։ Մարտկոցների վերամշակման օրենսդրության բացակայությունը հանգեցրել է կապարային մարտկոցների անօրինական վերամշակման 50% աճի։
Վտանգավոր և հաճախ անօրինական վերամշակման ընթացքում կոտրվում են մարտկոցների պատյանները, դրանում պարունակվող թթուն և կապարի փոշին թափվում են հողին, ապա, կապարը վերամշակվում է բաց վառարանում և թունավոր նյութերն արտանետվում են շրջակա միջավայր: Այդ գործողությունն իրականացնող մարդը, հաճախ, տեղյակ էլ չէ կապարի ուժեղ նեյրոտոքսին լինելու և դրա վտանգավոր ազդեցության մասին:
Կապարային թունավորման այլ աղբյուրներ են կապարային խողովակներից հոսող ջուրը, արդյունաբերության մեջ օգտագործվող կապարը, կապարի հիմքով ներկերը, ներկանյութերը, բենզինը, որը, մշտապես, կապարի թունավորման հիմնական աղբյուրներից է եղել: Չնայած, վերջին շրջանում կապարի հիմքով բենզինի քանակը նվազել է։ Վտանգի աղբյուր կարող են լինել նաև կապարի պարունակությամբ սննդի տարաները, կապար պարունակող կոսմետիկան, խաղալիքները և այլն։ Կապարի օգտագործմամբ աշխատանք կատարողները կարող են հագուստի, կոշիկների հետ դրա փոշին տուն բերել՝ վտանգելով իրենց երեխաներին։
«Լավ նորությունն այն է, որ, իրականում, կապարը կարելի է անվտանգ վերամշակել՝ առանց վնասելու աշխատողներին, երեխաներին և միջավայրը։ Իսկ կապարով ախտահարված տարածքները կարելի է վերականգնել»,- ասում է Ռիչարդ Ֆյուլերը` Pure Earth-ի նախագահը։ «Մարդկանց պետք է տեղեկացնել կապարի վտանգների մասին և խրախուսել, որ իրենց և իրենց երեխաներին պաշտպանեն այդ վտանգից։ Կապարի վնասակար ազդեցությունը կանխելու համար արված ներդրումների վերադարձը հսկայական է՝ առողջության բարելավում, արտադրողականության բարձրացում, բարձր IQ-ի հնարավորություն, բռնության նվազում և ավելի պայծառ ապագա միլիոնավոր երեխաների համար»։
Զեկույցը կառավարություններին առաջարկում է կապարային թունավորման դեմ պայքարի հետևյալ եղանակները.
° Մշտադիտարկման և հաշվետվությունների ներկայացման համակարգի ստեղծում, այդ թվում՝ արյան մեջ կապարի քանակի ախտորոշման համակարգի կիրառում։
° Կանխարգելիչ և վերահսկիչ մեխանիզմներ՝ նաև կանխարգելելով երեխաների շփումը կապարի բարձր պարունակությամբ տարածքների և արտադրանքների հետ (որոշ ներկեր, խաղալիքներ և այլն)։
° Կառավարում, բուժում և շտկում՝ ուժեղացնելով առողջապահական համակարգերը, որպեսզի հնարավոր լինի երեխաների մոտ ախտորոշել և բուժել կապարային թունավորումները, ինչպես նաև փոխանցել բավարար գիտելիքներ՝ կապարի վնասակար ազդեցության, կապարային թունավորման հետևանքների մասին:
° Հասարակության իրազեկում և հանրային վարքագծի փոփոխություն՝ կապարի վտանգների և հիմնական աղբյուրների մասին իրազեկող հանրային արշավների իրականացում առանձին թիրախային խմբերի համար. ծնողներ, համայնքների ղեկավարներ և առողջապահության ոլորտի աշխատողներ։
° Օրենսդրության և քաղաքականության մշակում, որը կնպաստի բնապահպանական, առողջապահական և անվտանգության չափորոշիչների ստեղծմանն ու կիրառմանը, ինչպես նաև՝ միջավայրի և մթնոլորտային օդի որակի վերահսկմանը։
° Գլոբալ և տարածաշրջանային զուգահեռ մշակված գործողություններ, այդ թվում՝ հանրային առողջության, շրջակա միջավայրի և ազգային տնտեսության վրա աղտոտվածության մակարդակի գնահատման գլոբալ չափորոշիչների, կապարային մարտկոցների վերամշակման և տեղափոխման համար հատուկ չափորոշիչների և նորմերի մշակում և արյան մեջ կապարի պարունակության ուսումնասիրման համար գրանցման բազաների ստեղծում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա