Կրթության ոլորտում նվաճումներ ունեցող քաղաքացիներին կտրվի տարկետման հնարավորություն
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու և որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը մերժելու դեպքերը բացառելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ գործող կարգով քաղաքացիներին յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Առաջարկվող փոփոխությամբ, մասնավորապես, այն քաղաքացիները, որոնք ուսումնառության ընթացքում կամ դրա ավարտից հետո կներկայացնեն կարգի համապատասխան կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը և կստանան հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, հնարավորություն կունենան օգտվել տարկետման իրավունքից՝ մինչև նոր ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը:
«Այս փոփոխությամբ նաև հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած, սակայն այլ հիմքով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներն ընդգրկվում են ՀՀ կառավարության որոշման նախագծում, որով նշված քաղաքացիների համար տարկետումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից հետո»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նշել է, որ այլևս այլ հիմքով տարկետում ստացած քաղաքացիներն իրենց տարկետման ավարտից հետո նոր տարկետման համար ևս մեկ անգամ դիմելու անհրաժեշտություն չեն ունենա, եթե հանձնաժողովի կողմից արդեն ստացել են դրական եզրակացությունը: