Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ժամեր անց կլինի Բեյրութում
Ֆրանսիան նախօրեին 3 ինքնաթիռներով Բեյրութ ուղարկեց փրկարարներ, բժշկական սարքավորումներ և շարժական կլինիկա։ Այսօր արդեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կլինի Բեյրութում՝ մինչ աշխարհի առաջնորդները աջակցություն են ցուցաբերում զանգվածային պայթյունից ավերված Լիբանանի մայրաքաղաքին: Այս մասին գրում է France 24-ը։
Մակրոնը կհանդիպի իր գործընկեր Միշել Աունին, ում հետ նա խոսել է երեքշաբթի ուշ երեկոյան, ինչպես նաև վարչապետ Հասան Դիաբի հետ, հայտարարել է Ելիսեյան պալատը։
Լիբանանի կառավարությունը հայտարարել է երկշաբաթյա արտակարգ դրության մասին պայթյունի հետևանքով, որին զոհ դարձան առնվազն 140 մարդ և վիրավորվել ավելի քան 4000-ը: Բեյրութի նահանգապետը հայտարարել է, որ 300,000 մարդ մնացել է անօթևան, իսկ վնասը գնահատվում է մինչև 5 միլիարդ դոլար:
Նշենք, որ Լիբանանը Ֆրանսիայի նախկին պրոտեկտորատն է, և երկրները պահպանում են սերտ քաղաքական և տնտեսական կապեր: