Դատախազությունն առաջարկում է բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը
Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:
Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի դեպքերը հանրային կարգով քննելու կապակցությամբ դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման վիճակը: Ամփոփման արդյունքներով ի հայտ են բերել մի շարք բացեր և լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումները կարող են էապես բարելավել ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը:
Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախանշվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների առաջարկություններ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում բաղադրիչի շրջանակներում:
Մասնավորապես՝ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել այնպիսի փոփոխություն, որի դեպքում դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման հնարավորությունը կապվի ենթադրյալ հանցագործությունից տուժած անձի ոչ միայն անօգնական կամ կախվածության վիճակի, այլ նաև նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական անմիջական վտանգի առկայության հետ:
Դա բխում է քրեադատավարական օրենսդրությունը ՄԻԵԴ նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վեջինս ընտանիքում բռնության մասնավոր դեպքերը հանրային կարգով քննելու հնարավորությունը մեծապես կապում է բռնության կրկնվելու հավանականության և այդ առումով անձի կյանքի իրավունքի երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության հետ:
Բացի այդ, թեև դատախազը կարող է ստուգել ընտանիքում բռնության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը՝ պարզելու ենթադրյալ բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, սակայն դրա համար խիստ անբավարար է միայն բացատրությունների արձանագրություններին կամ նյութերին ծանոթանալը:
Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, ընտանիքում բռնության դեպքերով քննությունների պրակտիկան վկայում է նաև, որ լինում են դեպքեր, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվում, սակայն հետագա նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվում է, որ տուժողը ենթադրյալ հանցանք կատարած անձից գտնվել է կախվածության մեջ կամ անօգնական վիճակում կամ նախաքննության փուլում դադարում է նման վիճակի մեջ գտնվել:
Գործող իրավանորմերով նման դեպքերում հնարավոր չէ կայացնել հաշտության հիմքով քրեական հետապնդումից հրաժարվելու մասին որոշում: Դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններով լուծել նաև նշված խնդիրը:
Նկատի ունենալով ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական արդյունավետ պայքարի հանրային մեծ նշանակությունը՝ ՀՀ դատախազությունը շահագրգիռ է նշված առաջարկների շուրջ հանրային ու մասնագիտական առավել լայն քննարկումների հարցում:
Ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների, 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 246 դեպք, որը 6-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 58-դեպքով հարուցվել է քրեական գործ, որը 4-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ընդ որում՝ այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերը (թվով 13) 62.5% ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ (թվով 8 քրեական գործ):
Ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի 11 դեպքով, բողոքի բացակայության պայմաններում, դատախազի որոշմամբ, հարուցվել է նույնքան քրեական գործ: Փաստորեն՝ ընտանիքում բռնության դեպքերի առթիվ քրեական գործերի 20%-ը հարուցվել են դատախազի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորության իրացման արդյունքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան