Ասյա Օվանյան. Ի՞նչ ճանապարհ կընտրեն ՍԴ նոր դատավորները
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, «Իմ Ձայնը» նախագիծ Ասյա Օվանյանն իր հոդվածում գրում է.
«Սահմանադրական դատարանի դատավորների «թափուր» տեղերին հավակնող թեկնածուների անուններն արդեն հայտնի են։ Կառավարությունը, ԲԴԽ-ն և ՀՀ Նախագահը ներկայացրել են իրենց թեկնածուներին։
Մի կողմ թողնելով թեկնածուներից յուրաքանչյուրի անձը, նրանց շուրջ ծավալված սոցցանցային քննարկումները, գովեստի կամ, հակառակը, դժգոհության խոսքերը, մենք շատ ավելի կարևոր խնդրի առջև ենք կանգնում՝ Սահմանադրական Դատարանի լեգիտիմություն և ՍԴ դատավորի լեգիտիմություն։
Որքանով է իրատեսական վստահությունը Սահմանադրական Դատարանի և նրա կողմից կայացվելիք որոշումների նկատմամբ, եթե դատարանի հետ կապված ողջ թնջուկը հակասահմանադրական է, հետևաբար ՍԴ դատավորների համալրման գործընթացը՝ նույնպես։
Մյուս կողմից, ինչպես կարելի է վստահել ՍԴ ընտրվող նոր դատավորներին, եթե վերջիններս լինելով իրավաբաններ, ավելին, նրանցից երկուսը գիտության դոկտոր են, համաձայնում են դառնալ հակասահմանադրական գործընթացի մաս։
Արդյո՞ք ՍԴ դատավորների թեկնածուները չեն գիտակցում, որ իրենց միջոցով փորձ է արվում լեգիտիմացնել հակաիրավական գործընթացը։ Ինչպե՞ս են հարգարժան իրավաբանները պատկերացնում Սահմանադրական արդարադատության իրականացումը, եթե իրենք իսկ հակասահմանադրական գործընթացի մի մասն են կազմում։
Հասարակության կրթված, գիտակից հատվածը շատ լավ հասկանում է, որ հակասահամանադրական փոփոխությունները արվեցին բացառապես քաղաքական ենթատեքստով։ Հարգարժան թեկնածուները այսպիսով ընդունում են քաղաքական խաղի կանոնները, ի տարբերություն ՍԴ այն դատավորների, ում օրենքի ուժով առաջարկվում էր «կաշառք» վաղ կենսաթոշակի տեսքով, և որոնցից այսօրվա իշխանությունները փորձեցին ամեն գնով ազատվել։ Այդ դատավորները փաստեցին իրենց բարձր պրոֆեսիանալիզմը, ըստ էության՝ չփոխանակեցին իրենց մասնագիտական բարոյականությունը առաջարկվող «կաշառքի» հետ։ Նրանց օրինակով է կայանում քաղաքացին՝ որպես ինստիտուտ։
Ի՞նչ պետք է անեին նման պայմաններում դատավորի թեկնածուները։ Նրանք ունեին մի զենք, որը ոչ ոք չի կարող խլել իրենց ձեռքից և որի դեմ լայվային պոպուլիզմը անզոր է՝ հանդես գալ մասնագիտական և մարդկային բարձր արժանապատվությամբ՝ հրաժարվել մասը դառնալ հակասահմանադրական գործընթացի։ Այնպես, ինչպես դա արեց սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, ով հայտարարեց, որ դատավորի պաշտոնին առաջադրելու վերաբերյալ նախագահի աշխատակազմի հարցմանը երկու անգամ տվել է բացասական պատասխան։ Հիմնավորումը մեկն է՝ չի կարող իրեն թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական եղանակով թափուր մնացած տեղի համար, քանի որ երեք դատավորների պաշտոնավարման դադարեցումը համարում է հակասահմանադրական։
Սա՛ է ամենասոլիդ պատասխանը, որ կարող է տալ մասնագետը։ Իսկ եթե թեկնածուները գնացին անօրինականությունները լեգիտիմացնելու, քաղաքական իշխանություններին դուր գալու, քաղաքական իրավիճակից օգտվելու ճանապարհով, ապա դա կասկածի տակ կդնի ոչ միայն նրանց հավատարմությունը մասնագիտական կոչմանը, այլև ՍԴ դատավորի և, ընդհանրապես, ՍԴ լեգիտիմությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ասյա Օվանյան. ՀՀ քաղաքացիները պետք է օգտվեն խաղաղ հավաքների ազատությունից
- Ասյա Օվանյան. Համավարակի դեմ պայքարում անլրջության դրսևորումներից մեկը
- Ասյա Օվանյան. Ռեպրեսիվ մեքենայի անխափանության մեխանիզմը
- Ասյա Օվանյան. Ձեռքերդ հեռու արդարադատությունից
- Ասյա Օվանյանը Արմեն Սարգսյանին հորդորում է վեր կանգնել նեղ քաղաքական շահից