Վանեցյանը՝ իշխանություններին. «Դուխը» հերիքելու է ապաշնորհության մեղքը Ա. Թորոսյանի վրա բարդելու և պաշտոնից ազատելու համար
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ինսթագրամի իր էջում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվին ու դրա պատճառներին.
«Կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահերի թիվը Հայաստանում անցավ 1000-ը։ 1000 մարդկային ճակատագիր, 1000 որբացած ընտանիք, 1000 մարած ջերմություն։ Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով։
«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։
«Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել, որոնք կպաշտպանեն քո ժողովրդին, կապահովեն նրանց կյանքը։ Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս պահին 1000-ից ավել մեր քաղաքացիների կյանք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով անգամներ ավել մեր նման երկրների ցուցանիշներից։
Իսկ այսօր էլ «դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն նախարար Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար, այն էլ՝ հայտնի շրջանակի հետ հարաբերություններ հարթելու ծածուկ ակնկալիքով։
Մեղադրել քաղաքացուն, որ հիվանդացել է, մեղադրել քաղաքացուն, որ չի ստացել բուժում, մեղադրել քաղաքացուն, որ մահացել է։ Սա ցինիզմ է պետական մակարդակով։
Չեմ կարծում, թե նույնիսկ 1000-րդ մահը սթափեցնող դեր կխաղա։ Ցավոք»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ, ցավակցական նամակ հղել Լիբանանի դեսպանին
- Արթուր Վանեցյան. Իշխանության հանցավոր բացթողումների հետևանքով ամեն օր մարդիկ են մահանում
- Արթուր Վանեցյան. Չեմ բացառում, որ կհանդիպեմ ՀՀ նախկին նախագահների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին