Երկու փաստաբանների բացակայությամբ շարունակվում է Դավիթ Սանասարյանի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՎԾ՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Բալայանը։
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։ Սանասարյանից բացի քրեական գործով ամբաստանյալ են նաև ՊՎԾ աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանը և Սամվել Ադյանը, ինչպես նաև վերջինիս ընկերը՝ Տարոն Ավետիսյանը։
Դատավոր Դավիթ Բալյանը տեղեկացրեց, որ ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանը ցանկանում է գործի քննությունը շարունակել իր պաշտպանի բացակայությամբ, ուստի գործի քննությունը կանցկացվի առանց նրա։
Նշենք նաև, որ Տարոն Ավետիսյանի պաշտպանությունն էլ ստանձնեց փաստաբան Լուսինե Ասլանյանը, սակայն նա իր վկայականի պատճենը մոռացել էր։
«Արդեն որերորդ դեպքն է, որ բերում եք, ես եմ պատճենում Ձեր վկայականը»,- ասաց դատավոր Բալայանը։
Թեև փաստաբանը նման դեպք չէր հիշում, դատավորը պնդեց, որ բազմիցս եղել են այդպիսիք. «Սա երկրորդ դեպքն է, որ դուք պատշաճ չեք ներկայանում դատական նիստին»։
Դատավոր Բալայանը նշեց, որ տիկին Ասլանյանի ներկայությամբ կարող է գործի քննությունը շարունակվել, թեև նա դեռևս ծանոթ չէ գործի նյութերին, եթե իհարկե կողմերը դեմ չեն։
Սակայն դատախազ Գևորգ Սարգսյանը առարկեց՝ պնդելով, որ դատարանի գործողություններն ապօրինի են։
«Քրեական դատավարության օրենսգրքի կոնկրետ պահանջ է, և չէր կարելի որոշում կայացնել՝ առանց պաշտպանի ներկայության դատավարությունը շարունակել։ Եվ երկրորդ, մյուս ներգրավված փաստաբանը գործի նյութերին չի տիրապետում։ Եվ գործի քննության շատ կարևոր փուլում երկու պաշտպանի բացակայությամբ շարունակո՞ւմ ենք դատական նիստը»,- ասաց Սարգսյանը։
Դատավորն էլ հակադարձեց՝ դատախազը չէ, որ պետք է մտածի ամբաստանյալների պաշտպանության իրավունքի խախտման մասին.
«Եթե սույն դատական ակտի դեմ պաշտպանները բողոք բերեն, իրենք չեն կարող վկայակոչել, որ իրենց իրավունքը ոտնահարվել է, քանի որ իրենք են խնդրել այդպես վարվել»։
Դատախազ Սարգսյանն էլ հաստակեցում խնդրեց. «Այսինքն՝ դուրս է գալիս, որ երբ պաշտպանական կողմը խնդրում է քրեական դատավարության օրենսգրքի կանոնները խախտել, դա ողջամիտ խնդրա՞նք է համարվում»։
Ի պատասխան դատավորը ներկայացրեց դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ փաստաբանների բացակայությունը չի համարվում քրեական դատավարության օրենսգրքի կանոնների խախտում։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Սանասարյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
- Պաշտպան. Քրգործի նյութերով ոչ թե հերքվել է, այլ հաստատվել է Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու փաստը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները