Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար․ «Ժառանգություն»
Սևրի պայմանագիրը դաս-ազդակ է հայության համար։ Այս մասին նշված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Այսօր լրանում է Սևրի միջազգային պայմանագրի կնքման 100-ամյակը: Այս պայմանագիրը և նրանից բխած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով գծվում է Հայաստանի Հանրապետության միակ դե յուրե սահմանը, հանդիսանում է Հայկական հարցի իրավաքաղաքական կարգավորման անժամկետ փաստաթուղթ: Սևրի պայմանագրով նախատեսվում էր 1920 թ. հունվարին Փարիզի վեհաժողովի կողմից փաստացի ճանաչված Հայաստանի Հանրապետությանը միացնել Օսմանյան կայսրության ենթակայության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ՝ ստեղծելով մեկ միասնական հայկական պետականություն:
Սևրի պայմանագիրն իր բնույթով առաջին աշխարհամարտից հետո տարածաշրջանային խաղաղության և մեր հայրենատիրության իրավունքն ամրագրող փաստաթուղթ էր: Այսօր էլ այն դե ֆակտո գործող փաստաթուղթ է, քանզի այս պայմանագրի տարբեր կետերի հիման վրա, դրանցից ելնելով ձևավորվել են Միջին Արևելքի մի շարք պետությունների ներկայիս կարգավիճակները, ինչպես օրինակ՝ Սիրիան և Լիբանանը, Իրաքը և Պաղեստինը և այլք: 1920 թ. սեպտեմբերից սկսած՝ քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի բռնի քայլերով Հայոց անկախ պետությունը ընդհանրապես վերացավ, նրա փրկված փոքրիկ հատվածներն էլ դարձան Խորհրդային Հայաստան: Հայ ժողովրդի դարավոր մաքառումը հանուն իր հայրենիքի բաժանված մասերը միավորելու և միասնական անկախ պետություն ձևավորելու ավարտվեց պարտությամբ:
«Ժառանգություն» կուսակցությունը համոզված է, որ այսօր էլ՝ 100 տարի անց, Սևրի պայմանագիրը հիմք է, զենք Հայաստանի ինքնիշխան պետության և ողջ հայության համար մեր ազգային շահերը իրականացնելու ճանապարհին: Այն կարևորագույն փաստաթուղթ է Հայկական հարցի արդար լուծման հասնելու մեր ժողովրդի միջազգային իրավունքի վերաբերյալ:
Միաժամանակ այս պայմանագրին հետևած պատմական գործընթացները դաս-ազդակ են հայության համար, թե ինչպիսի խզումներ կարող են առաջանալ բարի կամքի խոսոտումների և իրական քաղաքական քայլերի միջև: Մեզ անհարժեշտ է միջազգային իրավունքի և առկա իրավիճակից բխող գործողությունների համակշռում:
Հարյուր տարի առաջ կայացած պատմական իրողությունների համապատկերում «Ժառանգությունը» Սևրի պայմանագիրը համարում է պատմական արդարության վերականգնման հնարավորություն, մեր տարածաշրջանում նոր քաղաքական աշխարհակարգի և կայուն խաղաղության հասնելու միջազգային կռվան»,-նշված է կուսակցության հայտարարությունում: