Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար։
«Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ:
Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման հետագա տարիներին ևս ներդնելու եք բոլոր ջանքերը՝ ի նպաստ Բելառուսի Հանրապետության զարգացման և ժողովրդի բարեկեցության:
Վստահ եմ նաև, որ Ձեր շնորհիվ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան՝ էլ ավելի ամրապնդելով երկու ժողովուրդների միջև եղբայրական և բարեկամական կապերը:
Ես ինքս պատրաստ եմ դրա համար ներդնել բոլոր ջանքերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակի առթիվ՝ Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, երկար տարիների արգասաբեր աշխատանք, իսկ Բելառուսի ժողովրդին՝ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»,- ասված է Ծառուկյանի շնորհավորական խոսքում, որը տարածել է նրա խոսնակ Իվետ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին արդեն շնորհավորական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, գործող նախագահի օգտին են քվեարկել ընտրության մասնակիցների 80.23 տոկոսը։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել
- Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները
- Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
- Բելառուսում մի շարք սոցիալական հարթակներ շարունակում են անհասանելի մնալ
- Բելառուսում հետընտրական բախումներ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան