Սեյրան Սարգսյան. Առաջին անգամ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5.6%-ով (891 մլրդ դրամ), ակտիվներն ավելացել են շուրջ 191 մլրդ դրամով կամ 3.3%-ով (5996 տրլն դրամ)։ Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա դիտարկմամբ՝ COVID-19 համավարակով պայմանավորված ամբողջ աշխարհում նկատվում է վարկավորման ծավալների նվազում:
«Դա պայմանավորված է առկա ռիսկերով և անորոշությամբ: Այս համատեքստում, սակայն ՀՀ բանկային համակարգում վարկային պորտֆելն առաջին կիսամյակում ավելացել է 28 մլրդ դրամով կամ 0.7%-ով: Վարկերի կառուցվածքին նայելով տեսնում ենք, որ առաջին կիսամյակում հիմանական բոլոր ուղղություններով արձանագրվել է աճ: Հարկ եմ համարում նաև նշել, որ վարկավորման ծավալների 41.5%-ը ֆիզ․ անձանց, իսկ շուրջ 45 %-ը ՝ տնտեսությանը տրամադրված վարկերն են»,-նշել է Ս. Սարգսյանը։
Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ս․Սարգսյանը տեղեկացրել է, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին:
Միության հրապարակած տվյալների համաձայն, 2020թ-ի առաջին կիսամյակում ընդհանուր պարտավորություններն աճել են շուրջ 145 մլրդ դրամով կամ 2.9%-ով, ընդհանուր ավանդները` նվազել շուրջ 112 մլրդ դրամով կամ 3.1%-ով:
«Թեև այս ցուցանիշի մասով արձանագրվել է նվազում, սակայն պետք է նկատել, որ առաջին կիսամյակում ռեզիդենտ հաճախորդների ավանդներն ավելացել են շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.8%-ով: Այստեղից հետևում է, որ նվազումը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտ հաճախորդների ավանդային պայմանագրերի խզմամբ: Ոչ ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 132 մլրդ դրամով կամ 12.6%-ով:
Ոչ ռեզիդենտների բաժնեմասն ավանդներում դեռևս շարունակում է մնալ 26%-ի շրջանակներում: Այս ցուցանիշը փաստում է կայունության և համակարգի հանդեպ ունեցած վստահության մասին։ Դրամով և արտարժույթով ավանդների մասով պետք է նկատել, որ դեռևս 2009թ. արտարժույթով ավանդների ծավալը կազմում էր 73%, իսկ այս կիսամյակի վերջի դրությամբ այն կազմել է 54%: Այստեղ երևում է այն միտումը, որ արտարժութային ավանդի մասնաբաժինն իր տեղն է զիջում դրամով ավանդներին»,- մանրամասնել է նա։
2020թ-ի առաջին կիսամյակում բանկայի համակարգն ապահովել է 40.6 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 2.2 մլրդ դրամով կամ 5.7%-ով: