Արամ Վարդևանյան. Գծեր կան, որ չի կարելի տրորել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանին բարկացրել են գործով մեղադրող դատախազի հայտարարություններն ու որակումները՝ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ դատական նիստին չներկայանալու վերաբերյալ։
«Ինչպե՞ս կարելի է նման կատեգորիկ գնահատականներ տալ, եբ փաստաբանը դիմումում նշել է, որ անսպասելի մի բան է տեղի ունեցել։ Հազար ու մի բան կարող է լինել։ Աստված մի արասցե, եթե վատ բանի մասին ենք խոսում։ Ինչպե՞ս կարելի է դեմքի նման արտահայտությամբ նման հայտարարություններ անել, իսկ եթե պարզվի, իսկապես խնդիր կա։ Չի կարելի, որոշ գծեր կան, որ չի կարելի տրորել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վարդևանյանը։
Անդրադառնալով հարցին, թե դատական նիստերի ձգձգումը հանրության մոտ զայրույթ է առաջացնում, փաստաբանն ասաց՝ ինքը նման բան չի տեսել։
«Ես տեսնում եմ այն, որ դատական պրոցեսի այսպես ասած ձգձգման մեղավորը դատախազությունն ու ՀՔԾ-ն են մի պարզ պատճառով՝ 80 հատոր գործ են ուղարկլե դատարան։ Իսկ այս ընթացքում այն դարձել է 100-ից ավելի հատոր»,-նշեց փաստաբանը։
Նա վկայակոչեց նաև դատական նիստերի ձգձգման պատկերը, հիշեցրեց, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին որևէ տեղեկություն չունեին դատավոր Դանիբեկյանի մասին։
«Հիմա այս պայմաններում ինչո՞ւ են փորձում շահարկել «ձգձգում» բառը։ Կայծակնային որոշումներ չեն կարող լինել։ Եթե խոսքը վերաբերում է մեծ քրեական գործի մասին, ապա այն երկար է տևելու։ Այլ տարբերակ չկա։ Վերցրեք կամայական գործ ու նայեք, թե ինչքան է տևել քննությունը»,-ասաց Վարդևանյանը։
Նա նկատեց, այս պարագայում ունեն մի գործ, երբ հենց սկզբից խախտվում են իրավունքները՝ սկսած անձեռնմխելիությունից մինչև գույքային, իսկ դրանցից յուրաքանչյուրը դառնում է քննարկման առարկա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
- Յուրի Խաչատուրովի փաստաբանը չի ներկայացել դատական նիստին