Նարեկ Սամսոնյանին անհայտ ուղղությամբ տարան. Ռուբեն Մելիքյան
«Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ես նկատեցի, որ այստեղ Նարեկ Սամսոնյանի և ոստիկանի միջև միջադեպ էր տեղի ունենում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված ուղիղ եթերի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանի պնդմամբ` ոստիկանության լեյտենանտը ավտոմեքենայում ընտանիքի անդամի հետ գտնվելիս դիմակ չկրելու համար Նարեկ Սամսոնյանին ակտավորելուց հետո մեքենայի դիմացն է փակել, և Սամսոնյանը հարց է ուղղել, թե ինչ իրավունքով է ոստիկանը այդպես վարվել և ոստիկանության ծառայողին մեղադրել է անօրինականության մեջ.
«Դրանից հետո եկել է ոստիկանության մայորը, խոսել են և առաջարկել դիտել տեսանյութը: Այնուհետև ոստիկանության ծառայության «կարմիր բերետավորները» եկան և Նարեկ Սամսոնյանի թևերը մտնելով` նրան մտցրին իրենց մեքենան, ես մոտեցա հարցրի` արդյո՞ք քաղաքացին ձերբակալված է, եթե այո, ապա ինչ հիմքով, ինձ պարզաբանեցին, որ հրավիրվում է Ոստիկանություն»։
Ռուբեն Մելիքյանի խոսքով, ինքը չգիտի՝ հրավերը ընդունվել է Նարեկ Սամսոնյանի կողմից, թե՞՝ ոչ։
«Սովորաբար հրավերի ժամանակ ոստիկանները թևերը չեն մտնում: Նարեկ Սամսոնյանին անհայտ ուղղությամբ տարան: Եթե հայտարարում են, որ մարդը ձերբակալված է, բերման ենթարկված է, դա եղավ ոստիկանական գործողություն, բայց եթե առանց իրավական հիմք ներկայացնելու տանում են, շատ կներեք, դա համազգեստ հագած բանդայի գործողություն է, դժվար է դիտել իրավական համակարգի շրջանակում»,- շեշտեց իրավապաշտպանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա