Յուրի Խաչատուրովի փաստաբանը չի ներկայացել դատական նիստին
Դատարանը Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանից ստացել է դիմում, որտեղ նշվում է, որ հանկարծակի ծագած խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ դատարան։ Այս մասին հայտարարեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական հերթական նիստի մեկնարկին։
Դատավորը Յուրի Խաչատուրովից հետաքրքրվեց, արդյո՞ք տեղեկություն ունի բացակայության պատճառների մասին, ինչպես նաև այլ պաշտպան ներգրավելու հնարավորություն չունի։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն անհիմն որակեց փաստաբան Պողոսյանի դիմումը, դա կապեց նախորդ նիստում նրա արած հայտարարության հետ, որ պատրաստվում էր ինքնաբացարկ ներկայացնել դատավորին։
«Այսօր նրա բերած պատճառաբանությունը, կրկնում եմ, ոչինչ չի ասում։ Բոլորս կարող ենք ամեն նիստից առաջ գրել՝ հանկարծակի խնդիրներ են առաջացել։ Ոչ մի խնդիր էլ չի առաջացել, պլանավորված վարքագիծ է»,-պնդեց դատախազը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատարանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պատճառների մասին տեղյա՞կ են, անընդունլի համարեց դատավորի նախագահությամբ բացակա փաստաբանի հասցեին դատախազի՝ նման հայտարարություններ անելը։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն ընդգծեց՝ հնարավո՞ր է Պողոսյանի բացակայությունը հարգելի է, հնարավոր է՝ ոչ, բայց այդ հարցը պետք է քննարկվի նրա ներկայությամբ, դատարանը պատճառն իմանալուց հետո պետք է որոշում կայացնի՝ պատասխանատվության ենթարկե՞լ նրան, թե՞ ոչ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը
- Յուրի Խաչատուրովին գործի նյութերը ռուսերենով չեն տրամադրվել
- Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները