Գեղամա լեռներում «ծնված» վիշապաքարը` Օղակաձև այգում՝ արդեն ճիշտ դիրքով
«Հայաստանում մոտավորապես 100 վիշապաքարեր կան, որոնցից 18-ը տեղաշարժվել են իրենց բուն բնակավայրից, և հայտնվել են ՀՀ տարբեր վայրերում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը՝ ներկայացնելով վիշապաքարերի դիրքն ուղղելու աշխատանքների ամփոփումը։
Նրա խոսքով, նշված 18 վիշապաքարերից 5-ը ոչ միայն տեղաշարժվել էին, այլ նաև սխալ դիրքով տեղադրվել. դրանցից մեկը գտնվում է Երևանի Օղակաձև այգում։
«Դրանցից մեկն, օրինակ, գլխի վրա մխրճված է եղել բետոնի մեջ, մյուսը՝ հորիզոնական դիրքով պառկեցված։ Հիմա մեր խնդիրն էր այդ հինգ վիշապները բերել իրենց իրական դիրքին, թեև դրանք իրենց բնօրրանում չեն գտնվում։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր առաջին քայլն էր։ Մենք բետոնից ազատվեցինք, ճիշտ դիրքով դրեցինք այդ վիշապաքարերը։ Կարծում եմ՝ վիշապաքարերը բավականին հետաքրքիր են, և բացառիկ են մեր մշակութային դաշտում։ Համաշխարհային մշակույթի մեջ էլ է սա բացառիկ երևույթ։ Բարերարների աջակցությամբ կարողացանք գլուխ բերել այս գործը»,- ներկայացրեց Նարինե Թուխիկյանը։
Հնագետ Արսեն Բոբոխյանն էլ տեղեկացրեց՝ վիշապաքարերը հուշարձաններ են, որոնք իրենց բնույթով նման են խաչքարերին։ Դրանք ի հայտ են եկել միայն Հայկական լեռնաշխարհում՝ բարձրլեռնային գոտիներում.
«Դրանք բացառիկ հուշարձաններ են համաշխարհային ժառանգության տեսանկյունից։ Դրանք կառուցվել են Ք.Ա 3-րդ և 2-րդ հազարամյակներում, և բացառիկ արժեք են ներկայացնում։ Վերջին 10 տարիներին վիշապաքարերը ինտենսիվ հետազոտվում են, թեև այդ հետազոտությունները սկսվել են դեռ 100 տարի առաջ: Այս քարը գալիս է Գեղամա լեռներից, հայերը կոչել են վիշապներ, եզդիները կոչել են՝ աժդահա յուրդ։ Սակայն կա նաև սախուրակ անունը, որը և մենք ցանկանում ենք վերականգնել»։
Հնագետը տեղեկացրեց, որ վիշապաքարը հայտնաբերվել է 1909 թվականին, և տեղափոխվել է Երևան 1970 թվականին։
«Ըստ էության, տեղափոխողները փորձել են նախնական լանդշաֆտը վերականգնել։ Դա եղել է լճի մոտ, ինչը վիշապաքարերի համար կարևոր նշանակություն ունի։ Տեղափոխելն ի սկզբանե սխալ է եղել, բայց գոնե այդ ձևով հնարավոր է եղել փրկել վիշապաքարերը»,- ասաց Արսեն Բոբոխյանը։
Նա նշեց, որ վիշապաքարերը եղել են պաշտամունքի առարկա՝ բարձրլեռնային սրբավայրերում։ Ըստ հնագետի, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոչ միայն բարձրլեռնային, այլ նաև միջին լեռնային տարածքում են ի հայտ գալիս վիշապաքարերը։ Դրանք նման են սրբավայրերի, ուր հեթանոսական տոներին մարդիկ բարձրացել են և ծիսակատարում իրականացրել։
«Մեկ-երկու շաբաթ մնացել են այդեղ, ապա վերադարձել իրենց բնակավայրեր։ Այս վիշապաքարերը նաև ունեցել են մեծ նշանակություն բնակչությանը միավորելու տեսանկյունից։ Դրանք ի հայտ են եկել Վանի, Ուրմիայի և Սևանի ավազաններում, և կարծես միավորել են հայկական մշակույթը՝ հատկապես բրոնզի դարում»,- նշեց հնագետը։
Մասնագետը շեշտեց՝ վիշապաքարերի ստեղծման համար ոչ թե վարպետ, այլ վարպետներ, համայնք է աշխատել.
«Այսպիսի քար մշակելու համար համայնական ուժ է պետք և երկար ժամանակ։ Շատ դժվար է մշակել բազալտի նման պինդ քարը...։ Սրանք հստակորեն այնպիսի հուշարձաններ են, որոնց վրա մեծ ներուժ է կիրառվել»։
Կա նաև տեսակետ, որ խաչքարերը հենց վիշապաքարերի հիման վրա են ստեղծվել. նման տեսակետ է հայտնել հետազոտող Նիկոլայոս Մառը, ով և հայտնաբերել է վիշապաքարերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա